Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Կառավարությունը Խորհրդարանին առաջարկում է միասին գտնել ԸՕ վերաբերյալ լավագույն լուծումը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Կառավարությունը չի փորձում պարտադրել իր դիրքորոշումն այլ քաղաքական ուժերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընտրական օրենսգրքի» շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ: Կառավարությունը դեռևս իր դիրքորոշումը չունի, բայց լինելու դեպքում էլ չի փորձի պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ իրենք գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և գիտակցում են, որ իդեալական լուծումների համար տարիներ են պետք:

«Ես ինքս ռեյտինգայինի ջատագով եմ, ընտրվել եմ հենց այդ համակարգով, բայց կան հայաստանյան իրողություններ և զանազան մարդկանց անձնակենտրոն ընկալումներ։ Հնարավոր է բոլոր դետալների շուրջ համաձայնության գալ, հնարավոր է և ոչ մի հարցի շուրջ համաձայնություն չլինի, նաև՝ շատ հավանական է, որ գոնե 80%-ով համաձայնության գանք»,-նշեց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Միրզոյանը շեշտեց, որ իրենց համար հիմնական խնդիր է արհեստական ժամանակ չձգձգելը՝ անիրականալի, լուծում չունեցող հարցադրումներ բարձրացնելով:

«Չարժե մրցակցության կամ գերակայության կոնտեքստում դիտարկել հանձնաժողովները, այդպիսի խնդիր չկա: Մենք գործադիրում աշխատում ենք տարբեր արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ-ների հետ, այժմ նաև ԱԺ-ի հանձնաժողովի հետ, և վստահ եմ, որ բոլորիս նպատակն է ունենալ լավ օրենսգիրք»,-ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը խնդրեց հստակեցնել, թե ԱԺ քա՞նի նախագիծ է մտնելու: Արարատ Միրզոյանը նկատեց, որ իդեալական տարբերակում ԱԺ պետք է մեկ նախագիծ մտնի, որի առանձին կետերի շուրջ կարող են համաձայնվել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ արդյունավետ կլինի զուգահեռ նույն օրակարգի շուրջ աշխատելը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ եթե առաջնորդվեն հանրային շահով, սեպտեմբերին կունենան նախագիծ, որը կդրվի քննարկման փուլ, ապա կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, որտեղից առաջարկներ կստանան:

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է` ամենակարևոր մեսիջները փոխվարչապետը ներկայացրել է: «Այն, որ իրենք համատեղ աշխատանքի կողմնակից են, կողմնակից են, որպեսզի լինի մեկ նախագիծ, արդեն լավ է: Իհարկե, որևէ մեկը չի կարող բացառել, որ չի հաջողվի հասնել կոնսենսուսի, բայց բոլորս լիահույս ենք, և մեր աշխատանքն էլ մինչև այս պահը հուշում է` կկարողանանք հասնել կոնսենսուսին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին որոշման համար, որովհետև նախորդ նիստից հետո իրենց մոտ տարակուսանք էր առաջացել:

Դավիթ Հարությունյանը փաստեց՝ կարևորը, որ կա համաձայնություն, և որ կառավարության հանձնաժողովը կմասնակցի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ