Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այս շրջանում օրվա ընթացքում բազմաթիվ կանչեր են ստանում, որոնք գերազանցում են նախորդ ամիսների քանակը: Ընթացիկ տարվա հունիսին 1498-ով ավելի կանչ է ստացվել, քան նախորդ տարվա հունիսին:

«2018-ի հուլիսին ստացել ենք 1120-ով ավելի կան, քանի 2017-ի հուլիսին էր:  Ամենաշատ կանչերը գրանցվել են հուլիսի 11-ին՝ 784 կանչ, որից 166-ի դեպքում հիվանդը հիվանդանոց է տեղափոխվել: Հուլիսի 4-ին ունեցել ենք 772 կանչ, որից 209 -ի դեպքում ենք հիվանդին տեղափոխել բժշկական հաստատություն: Վերջին տարիներին առաջին անգամ է նման ցուցանիշ գրանցվում: Կանչերը հիմնականում կապված են սիրտանոթային հիվանդությունների, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Սրտաբան Մարինե Օրդյանը նշեց, որ աննախադեպ շոգի պատճառով սիրտանոթային հիվանդությունները սրվում են: Առաջին հերթին դա պայմանավորված  է այն հանգամանքով, որ քրտնարտադրությունն ավելանում է, մարդու օրգանիզմը ջրազրկվում է, կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար:

«Հորդորում ենք անպայման ջուր շատ օգտագործել: Առողջ մարդիկ 2.5-3 լ հեղուկ  պետք է խմեն: Ցանկալի է, որ օրվա ընթացքում քաղաքացիներն իրենց հետ ջուր ման տան: Ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում  խորհուրդ չի տրվում տանից դուրս գալ, դուրս գալու դեպքում պարտադիր գլուխը պետք է ծածկել, թեթև հագուստ կրել, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնել»,-ասաց սրտաբանը:

Մարինե Օրդյանը նշեց, որ ինֆարկտների, ինսուլտների քանակն ավելանում է, որովհետև երբ օրգանիզմը ջրազրկվում է, արյունը խտանում է, ավելանում է տրոմբագոյացության պրոցեսը, ինչն էլ բերում է խնդիրների: Հետևաբար, խորհուրդ է տրվում խուսափել արևի ճառագայթներից, խմել բավարար քանակությամբ ջուր:

«Արևահարության դեպքում նկատվում է թուլություն, սրտխառնոց, երեսի կարմրություն, շատ քրտնարտադրություն, հևոց: Նման դեպքում մարդուն պետք է տեղափոխել հով տեղ, տարածք բացել, որ օդ գա, պառկացնել հորիզոնական դիրքով, ոտքերը բարձրացնել, ոչ շատ սառը ջուր տալ՝ խմեցնելով կում-կում, ճակատին սառը թրջոց դնել, կանչել շտապօգնություն»,-ասաց սրտաբանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ