Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսը նոր շունչ կստանա «Universal dance studio»-ի մենահամերգին

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսը նոր շունչ կստանա «Universal 
dance studio»-ի մենահամերգին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարային խմբի՝ «Universal dance studio»-ի մենահամերգի հիմքում իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսն է: Այն հետաքրքիր մեկնաբանություն է ստացել պարային ներկայացման միջոցով, որի բեմադրության հեղինակը ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն է:

Համերգ-ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 13-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ռեժիսորի հետ:

«Բեմադրություն իրականացնելու առաջարկը ստացա «Universal dance studio»-ի կողմից, որի անդամներն են Արմեն Մկրտչյանը, Գեորգի Բաբայանը, Հարություն Թոփալիդիսը, Պետրոս Աֆարյանը: Ներկայացման հիմնաքարը ֆլամենկոն է. այն մարդու տարբեր հոգեվիճակներն է արտահայտում»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ գործողությունները տեղի են ունենում գյուղական միջավայրում: Ըստ բեմադրիչի՝ Լորկայի պիեսը շատ նման է Հովհաննես Թումանյանի «Անուշ» քնարաէպիկական պոեմին: «Լորկան մեծ պոետ է, կարողանում է թվացյալ հասարակ իրավիճակներից առասպելներ ստեղծել: Ես էլ փորձել եմ հեղինակին բնորոշ պոետականությունը մատուցել պարերի, երաժշտության միջոցով»,-շեշտեց նա:

Անդրադառնալով պարողների հետ աշխատանքին՝ Գրիգոր Խաչատրյանը խոստովանեց, որ իր ներկայացումները հաջողված է համարում այն ժամանակ, երբ գեղարվեստական խումբը ամբողջական է. աշխատում է պարուսույցների հետ, ում վաղուց է ճանաչում: Խոսքը Արման Ջուլհակյանի ու Արա Ասատրյանի մասին է:

«Universal dance studio»-ի հետ առաջին անգամ եմ համագործակցում: Պետք է փաստեմ, որ պարողների հետ հեշտ է աշխատել, քանի որ նրանք մանկուց են կարգապահություն սովորում: Պրոֆեսիոնալ դերասանի դեպքում ես դեռ նման կարգապահություն չեմ տեսել»,-ընդգծեց Խաչատրյանը:

Խոսելով բեմադրության ճակատագրի մասին՝ նա ասաց, որ այն  «Universal dance studio»-ի սեփականությունն է, նրանք են որոշելու դրա ապագան: «Կցանկանամ, որ իմ բեմադրած յուրաքանչյուր գործ ապրի»,-եզրափակեց Գրիգոր Խաչատրյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]