Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տորֆավանի հրդեհը կարող է հազարավոր հեկտարներ ընդգրկել. տորֆանոցում հրդեհի լրիվ մեկուսացման համար փրկարարներն աշխատում են շուրջօրյա

Տորֆավանի հրդեհը կարող է հազարավոր հեկտարներ ընդգրկել. տորֆանոցում հրդեհի 
լրիվ մեկուսացման համար փրկարարներն աշխատում են շուրջօրյա

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի «Փոշանոց» կոչվող տարածքի տորֆանոցում հուլիսի 5-ից բռնկված հրդեհի օջախները հրշեջները եւ տեղի բնակիչները դեռեւս չեն կարողանում մեկուսացնել եւ մարել:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղում ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ- փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, հուլիսի 5-ից մինչեւ հուլսի 12-ն ընկած ժամանակահատվածում այստեղ աշխատել է մեկ մարտական հաշվարկ՝ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով, սակայն առայժմ դժվար է խոսել դրական արդյունքների կամ հրդեհի լիարժեք մեկուսացման ու մարման մասին, քանի որ տորֆը այրվում է գետնի տակ, ինչը դժվար է նկատել:
«Մոտ 4 հեկտարի վրա իրականացրել ենք մեկուսացման եւ մարման աշխատանքներ: Շատ դժվար է գետնի վրա աշխատելը, քանի որ փրկարարների ոտքերի տակ հանկարծ բացվում է այրվող գետինը: Ահռելի քանակության ջրի խնդիր ունենք, որը տարածքում չկա, այն պետք է ստանանք պոմպերի եւ ռետինե խողովակների օգնությամբ: Մոտ 0,60 հա մակերեսով մեկուսացրել ենք տարածքը խրամատներ փորելու միջոցով, որպեսզի այնտեղ ջուր լցնենք պոմպերի օգնությամբ, սակայն պարզվեց, որ խրամատից մոտ 100 մետր հեռավորությամբ գտնվող ցորենի արտի մեջ հրդեհի նոր օջախ է առաջացել: Եթե չկանխենք հրդեհը, այն կարող է ճարակել հազարավոր հեկտարներ ընդգրկող ցորենի ու գարու արտերը, խոտհարքերը, որոնք բարձր ջերմաստիճանի տակ սկսել են չորանալ: Կարծում եմ, որ միայն մեր հրշեջ ծառայության ու Տորֆավանի գյուղապետարանի ուժերով դժվարությամբ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի, ուստի հարկավոր է փրկարարական աշխատանքներում ընդգրկել շրջակա հանմայնքների բնակիչներին, ովքեր տարածքում ունեն ցանքեր, եւ ավելացնել փրկարարական ուժերը»,-նշեց Մնացական Փոստոյանը:


Տորֆավանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ահարոն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ առայժմ գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասը մեծ չէ, սակայն հրդեհը ամեն պահի սպառնում է շրջակա ցանքերին:«Միջոցներ ձեռնարկվում են, հրշեջներն անում են անհնարինը, բայց կարծում եմ, որ նրանց օգնական ուժեր են հարկավոր, ջուր ու տեխնիկական միջոցներ»,-ներկայացրեց Ահարոն Խաչատրյանը:
Փրկարարական ջոկատի հրամանատարի կարծիքով՝ տորֆանոցում հրդեհը տարածվել է մերձակա խոզանում բռնկված հրդեհից, որը մարել են հրշեջները, սակայն մինչ այդ արդեն կրակը հասել է տորֆի ստորգետնյա շերտերին: «Ահա թե ինչ է արժենում մեկ մարդու ցուցաբերած անհոգի, հանցավոր արարքը, բացի մեր շուրջօրյա աշխատանքն ամենավտանգավոր պայմաններում, բացի գյուղացիների տագնապն ու չարչարանքը, նաեւ՝ ցանքերին սպառնացող մոտալուտ վտանգը»,-եզրափակեց Մնացական Փոստոյանը:
Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրահանգել է շրջակա համայնքների ղեկավարներին եւ մարզի փրկարարական վարչությանը՝ նոր ուժեր եւ միջոցներ ներգրավել Տորֆավանի հրդեհը մեկուսացնելու եւ մարելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]