Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զգուշացեք օձերից ստվերոտ վայրերում. Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են

Զգուշացեք օձերից ստվերոտ վայրերում. Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են

ԵՐԵՎԱՆ, 12  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն «Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 23 տեսակի  օձ կա: Միայն Երևանում հանդիպում են դրանցից 16-ը:

Աղասյանի խոսքով՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում օձերն անցնում են «ամառային քուն» և օրերով կարող են դուրս չգալ, կամ դուրս գալ գիշերվա ժամերին, առավոտյան շուտ, երբ ջերմաստիճանը տատանվում է 22-27 աստիճան: «Հենց ջերմաստիճանը 27 աստիճանից վերև է բարձրանում, իրենք թաքստոցներն են մտնում: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում»,-հավելեց նա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ Հանրապետությունում օձերի նկատելի լինելու և հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են:  Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում նախարարություն 297 օձի հայտնաբերման ահազանգ է ստացվել, 2018 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը  եղել են 284 դեպքի հետ կապված:

Ուշագրավ է, որ ամենաշատ օձի հայտնաբերման դեպքերը գրանցվել են Երևանում: 2018 թվականին առաջին կիսամյակում ԱԻՆ-ը  Երևանում գնացել է 132 օձի հայտնաբերման ահազանգի հետքերով, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են  149-ը:

Օձեր հայտնաբերման մասով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ 2018 թվականին հայտնաբերվել է 42, 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՝72 օձ:

Սողունների հայտնաբերման մասով  այս տարի նվազագույն 3 դեպք է գրանցվել Տավուշի մարզում, նախորդ տարի 2 դեպք Գեղարքունիքի մարզում:

2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ օձերի կծելու հետևանքով թունավորման 13 դեպք է արձանագրվել, որից 7-ը մայրաքաղաքում, 2-ը Տավուշի մարզում, 3-ը Արմավիրի մարզում և 1-ը Արարատի մարզում:

Բարեբախտաբար 2018 թվականին օձի կծելուց մարդ չի մահացել:

2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի կծելու 45 դեպք, որից 16-ը Երևանում, 3-ական դեպքեր Տավուշի և Կոտայքի մարզերում , 7-ական դեպք Արարատի և Արմավիրի մարզերում, 5 դեպք Արագածոտնում, 1-ական դեպք Շիրակում և Սյունիքում, 2 դեպք Վայոց ձորի մարզում: 2017 թվականին օձի կծելու հետևանքով մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել:

Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:

Արամ Աղասյանը նշում է, ոչ մասնագետը թունավոր օձերին ոչ թունավորներից կարող է տարբերակել մի քանի եղանակով: «Թունավոր օձերի մոտ պոչը կտրուկ է ավարտվում : Ոչ թունավոր օձերի մոտ աչքի բիբը կլոր է: Թունավորներինը կատվի աչքի նման է՝ շեղ: Ոչ թունավոր օձերի գլխի վրա կան վահանիկներ, թունավորների մոտ գլխի և մարմնի վրա թեփուկները հավասարաչափ են բաշխված»,-ասաց նա:

Օձերի կծելու դեպքում առաջինը  չխառնվելն է, հաջորդ նախապայմանը անմիջապես բժշկական օգնությանը դիմելը: Մինչ բժիշկների հասնելը պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել:

Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրին, որ ամեն տարի գարնանը նախարարությունը շրջաբերական է ուղարկում մարզային և Երևան քաղաքի բոլոր բուժհաստատություններ ` հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով:  Տվյալ բուժհիմնարկը 10 օրյա ժամկետում պարտավոր է ապահովել  հետևյալ շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը`
1) հակափայտացման անատոքսին
2) հակափայտացման շիճուկ
3) հակաբոտուլինային շիճուկ
4) օձի հակաթույն
5) հակագանգրենոզ շիճուկ
6) հակակատաղության վակցինա

 Ձեռնարկված միջոցառումների մասին 5-օրյա ժամկետում բուժհիմնարկը պետք է  տեղեկացնի ՀՀ ԱՆ աշխատակազմ, ինչպես նաև  ՀՀ ԱՆ աշխատակազմ գրավոր տեղեկացնի յուրաքանչյուր դեպքի և ձեռնարկված միջոցառումների մասին` միաժամանակ նշելով վերոնշյալ շիճուկների և պատվաստանյութերի մնացորդների մասին:

Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 23-ի:

Այդ 23 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝ անդրկովկասյան գյուրզան, հայկական իժը, կովկասյան իժը, տափաստանային իժը:

Ընդ որում` տափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են, քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, մեր նշանավոր Շահմար օձը և այլն:

Անի Դալլաքյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]