Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» 
ծրագրի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և փոխնախարար Ալբերտ Բաբայանը հուլիսի 11-ին հանդիպել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայում բիզնեսի և տնտեսության ոլորտներում ծրագրեր են իրականացնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպման նպատակը նախարարին, ծրագրի շրջանակում իրականացվող, «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը:

Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է ծրագիրն ու տարվող աշխատանքը՝ նշելով, որ նախարարությունում նոր գաղափարներ են մշակվում, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։

Նա նշել է նաև, առաջիկայում ՀՀ վարչապետի կողմից նախարարությունում նոր նշանակումներ կարվեն՝ փոխնախարարի մակարդակով, կիրականացվեն բարեփոխումներ և այս գործընթացում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև քաղհասարակության սեկտորը։

Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները զարգացվում են, որպեսզի նրանք մրցունակ և արդյունավետ համագործակցություն, երկխոսություն ունենան կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Բիզնեսի համար առաջնային տեղում այս նախարարության հետ համագործակցությունն է։ Մեր հիմնական կետերից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների կողմից ռազմավարություն մշակմանը աջակցելն է. այստեղ կա և՛ բյուջե, և՛ փորձագիտական թիմ, որպեսզի կարողանանք այսօրվանից երկխոսության մոդելը ճիշտ մշակել: Եկեք ճիշտ հիմքեր դնենք, որ օգտակար լինի և՛ նախարարության, և՛ քաղհասարակության կազմակերպությունների համար ու տրամադրված ներուժն ու ֆինանսական միջոցները կարողանանք արդյունավետ օգտագործել»,- ասել է ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։

Ծրագրի բիզնեսի ոլորտում հաղթած «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի ղեկավար Գրիշա Հովսեփյանը նշել է․ «Մենք պատրաստակամ ենք համատեղ աշխատանքային կարգ մշակենք, հասկանանք բոլոր ուղղություններն ու ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց նա։

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը ներկայացրել է, թե ինչ է սոցիալական ձեռնարկությունը․ «Այն նոր երևույթ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և վերջին մի քանի տարիներին է սկսել զարգանալ, սակայն այն շատ երկրներում մեծ թափով է զարգանում ու աջակցություն ստանում պետությունից։ Այն դիտարկվում է որպես շատ լավ մեխանիզմ՝ կառավարությանն օգնելու՝ տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրներ լուծելու համար»։

Նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է այս գաղափարով ու նշել, որ այժմ հարկային բարեփոխումների փուլ է և կարելի է ուսումնասիրել ոլորտն ու այն նույնպես ներառել օրակարգում:

Նախարարը նաև առաջարկել է, որպեսզի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն ընդգրկվեն բիզնես ծրագրերում։ Կարեն Զադոյանը նշել է, որ քննարկում կկազմակերպեն, իսկ եթե հետաքրքրվածությունը մեծ լինի, կարող են համաժողով կազմակերպել ՔՀԿ-ների և կառավարության մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշել է, որ ամբողջ ծավալով և նախարարության բոլոր ստորաբաժումների ներգրավմամբ պատրաստ են համագործակցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]