Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Միհրան Պողոսյանն իրեն բավականին երիտասարդ է համարում քաղաքականությունից հեռանալու համար


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը չի կիսում տեսակետը, որ ներկայիս իշխանություններն «ընկել են նախկինի» հետևից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ եթե կան խնդիրներ, դրանք պետք է պարզաբանվեն։ «Պետք է ամեն ոք կարողանա հարցերին պատասխան տալ, ցանկացած մարդ պետք է կարողանա իր արածի ու չարածի համար պատասխան տալ։ Նորմալ գործընթաց է, ես խնդիր չեմ տեսնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միհրան Պողոսյանը։

Հարցին ի պատասխան, թե արդյոք նա տեղեկություններ ունի օֆշորի գործի վերաբացման առնչությամբ, որի հետ կապվում էր իր անունը, Միհրան Պողոսյանն ասաց, որ գործի վերաբացման դեպքում կաջակցի և կտրամադրի բոլոր փաստերը, որոնց հիման վրա նախկինում կարճվել է այն։ «Ես կուզենամ, որ մեկ անգամ ևս հասարակությունը տեսնի, որ ինչ-որ եղել էր, իմ ասածները բառացի ճիշտ էին, այդ ամենը եղել է շոու։ Եթե նոր իշխանությունները ահրաժեշտություն ունենան վերաբացել այդ քրեական գործը, ես կաջակցեմ, ես կներկայացնեմ իմ բոլոր փաստերը, դրանք վկայում են իմ ասածների մասին»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով իր հետագա քաղաքական գործունեությանը՝ Միհրան Պողոսյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու առիթ չկա և բավականին երիտասարդ է իր քաղաքական գործունեության էջը փակելու համար։ «Ես դեռ երիտասարդ եմ, դեռ շատ անելիքներ ունեմ  թե քաղաքականության, թե այլ ոլորտներում մեր երկրի զարգացման համար»,-հավելեց պատգամավորը։

Նա հույս հայտնեց, որ իր ընտրողների բանակն իր կողքին կլինի նաև արտահերթ ընտրությունների ժամանակ։ «Ես չեմ բացառում, որ հեղափոխությունից հետո հնարավոր է ինչ-որ բան փոխված լինի, բայց հույս ունեմ, որ իմ ընտրողներն իմ կողքին են»,-ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է երկրում արդարադատության հաստատմանը՝ հաշվի առնելով, որ երրորդ նախագահի եղբայրներն ու նրանց որդիներն են պատասխանատվության կանչվում, Միհրան Պողոսյանը նկատեց. «Սերժ Սարգսյանի եղբայրների կամ եղբորորդիների՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարադատության ոլորտում ինչ-որ բաներ են փոխվել։ Փոխվել են ինչ-որ բաներ, բայց այն մակարդակը, որ ցանկալի է, դեռ տեսանելի չէ։ Ես ջատագովը կլինեմ, որ մենք ունենանք այն արդարադատությունը, որը հարիր է ՀՀ քաղաքացուն»,-ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ