Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Անտարես» հրատարակչության տնօրենը բարձրաձայնում է գրադարաններում առկա խնդիրների մասին

«Անտարես» հրատարակչության տնօրենը բարձրաձայնում է գրադարաններում առկա 
խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան գրադարաններում նոր գրքերի համալրման խնդիր կա:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ահազանգում է այն մասին, որ հանրապետության շատ գրադարաններ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող գումարի միայն 1%-ն են օգտագործել գրքեր գնելու նպատակով:

Հրատարակիչը գրադարանների բյուջեները վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: Նա ասում է, որ եթե այդ գումարները ամբողջությամբ որպես աշխատավարձ են տրվել, ապա վատ է, որ աշխատավարձային ֆոնդն այդ չափի է: Եթե գրադարաններում հատուկ 1-2 հրատարակչություններից են գրքեր գնել, ապա այստեղ կոռուպցիայի վտանգ կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ մեկ ամիս առաջ Դիլիջանի դպրոցի գրադարանում` հանդիպել է մեծ ու փոքր, քաղաքային և մարզային գրադարանների ղեկավարների հետ և առաջարկել տարբերակ, որը կօգնի Հայաստանում ամեն տարի լույս տեսնող 2 000 անուն գրքերը հասանելի դարձնել ընթերցողներին: Սակայն առաջարկը բացասական արձագանքի է արժանացել:

«Գրադարանները պետական բյուջեից ստացած ֆինանսավորմամբ կարողանում են գնել… ընդամենը 60 գիրք: Ո՞րն է պատճառը, որ գրադարաններում վճարովի ծառայություններ չեն մատուցում քաղաքացիներին: Կարելի է գտնել գործարարների, որոնք ներդրում կկատարեն, կգնեն այդ 2 000 գիրքը, որոնց համար բյուջեով գումար չի հերիքում, և բիզնես կանեն գրադարանի հետ: Կարող են գիրքը վարձակալությամբ տալ օրը 50 դրամով: Գրադարանավարները կտրուկ դեմ արտահայտվեցին` ասելով, թե գրադարանը սոցիալական գործառույթ ունի: Իսկ ո՞րն է ավելի կարևոր սոցիալական ֆունկցիա. 60 գիրք գնել պետական բյուջեո՞վ, թե՞ ընթերցողին 2 000 գիրք ընթերցելու հնարավորություն տալ: Եթե ֆիլմեր դիտելու համար վճարում են, ապա ի՞նչ խնդիր կա գրքերի դեպքում»,- տարակուսեց Արմեն Մարտիրոսյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրենը նաև մտահոգություն է հայտնում գրադարաններում առկա խորհրդային տարիներին լույս տեսած գրքերի վատ վիճակի վերաբերյալ: Նա նշում է, որ թուղթն ունի հիվանդանալու հատկություն, և չի կարելի այդ գրքերը այսօր տալ սպառողներին, քանի որ դրանք խնդիրներ ունեն:

«Ես կարծում էի, թե գրադարանների առաջնային նպատակը գիրք ունենալն է, երկրորդը` ընթերցողներին տարբեր եղանակներով գրադարան բերելը և հետո միայն մեթոդիստ, հավաքարար կամ մի քանի պահակ ունենալը: Սակայն գրադարանավարների ըմբոստությունը կասկածելի թվաց: Ես դիմել եմ Մշակույթի նախարարություն, բայց տեսնելով, որ հարցն անտեսվում է, բարձրաձայնեցի նաև սոցիալական ցանցում հանդես գալով: Ուզում եմ հասկանալ, թե 20-25 տարի մարզային և քաղաքային գրադարանները ինչպե՞ս են տնօրինել, և ի՞նչ նպատակներով է օգտագործել իրենց հատկացվող պետական բյուջեն: Այդ տվյալները ինձ պետական բյուջեի կայքը չի տալիս, և ես խնդրել եմ գրադարանավարներին, որ իրենք ներկայացնեն դրանք»,- նշեց հրատարակիչը:

Ավելի վաղ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե գրադարանը տարեկան 100 000 000 դրամ է օգտագործում ու միաժամանակ ձեռք է բերում 300 000 դրամի գիրք, ինչը կազմում է 60-100 գիրք տարեկան, իսկ Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում 2 000-ից ավելի անուն գիրք, ո՞ւմ է պետք այդպիսի գրադարանը։ Անգիրք ու անընթերցող գրադարանն ո՞ւմ է պետք։ Ինչո՞ւ է իմ պետությունը այդքան գումար վատնում։ Պետական թե համայնքային բյուջեից՝ կարևոր չէ, միևնույն է, հարկատուի գրպանից է»:

Միլենա Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]