Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախիջևանի հատվածում մեր դիրքային փոփոխություններն ավելի նպաստավոր են, քան Ադրբեջանինը. Գառնիկ Իսագուլյան

Նախիջևանի հատվածում մեր դիրքային փոփոխություններն ավելի նպաստավոր են, 
քան Ադրբեջանինը. Գառնիկ Իսագուլյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերը դիրքային փոփոխություններ արել են, բայց միայն իրենց տարածքում: Այս մասին Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

«Չի կարելի ասել, որ Ադրբեջանի արած դիրքային փոփոխությունները փոխել են ուժերի հարաբերակցությունը: Որոշ դիրքային տեղաշարժեր արել է նաև հայկական կողմը, որոնք շատ ավելի նպաստավոր են ու, ըստ էության, վերահսկողություն են սահմանում այն դիրքերի վրա, որտեղ որոշակի առաջխաղացում ունեցել է Ադրբեջանը»,- նշեց Իսագուլյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գառնիկ Իսագուլյանը Արցախում անցկացրած չորս օրում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով այցելել է առաջնագիծ ու տարբեր զորամասեր, ականատես եղել սահմանում տիրող իրավիճակին:

«Մեր զինվորը ինչպես վստահ ու հպարտ կանգնած էր սահմանին, նույն կերպ կանգնած է: Բացի ամպագոռգոռ հայտարարություններից, որ անում է Ադրբեջանը, որևէ լուրջ գործողություն անհնար է ակնկալել: Մենք սահմանների առումով չունենք այնպիսի խնդիր, որ կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի կամ Արցախի համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Արենի գյուղի հատվածում ադրբեջանական կողմի նոր դիրքերի հայտնվելու մեջ Իսագուլյանը վտանգ չի տեսնում: Դրանք հսկողության տակ են առել Տանձիկ լճակն ու Արենի գյուղի արևմտյան հատվածը, բայց բանախոսի խոսքով` հայկական կողմերը պատրաստ են հակառակորդի ակտիվության դեպքում նրան լռեցնել:

«Արենիի հատվածում որոշակի կրակոցներ կան հակառակորդի կողմից, բայց այդ կրակոցները ուղղված չեն լինում հայկական դիրքերի վրա: Դեպի Խաչիկ գյուղ տանող հատվածի վրա մերոնք շատ ավելի բարձրադիր դիրք ունեն: Եվ ադրբեջանական որոշակի գործողությունների դեպքում կարող ենք այդ դիրքերը լռեցնել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն անդրադարձավ նաև Արցախի` բանակցությունների սեղան վերադառնալու հարցին՝ նշելով, որ Արցախը երբեք էլ բանակցությունների սեղանից չի հեռացել:

«Արցախը բանակցային գործընթացին միշտ է մասնակցել, պարզապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, լինելով Արցախից, իրենք վերցրել էին  նաև Արցախի անունից խոսելու այդ պարտավորությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ ինքն այդ իրավունքը չունի: Հայաստանի իշխանություններն էլ բազմիցս ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի կողքին է, ոչ թե` Արցախի փոխարեն»,- ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքով` Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են ու վերահսկողության տակ են պահում երկու երկրների սահմաններում տիրող իրավիճակը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]