Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից».բացահայտելով Այվազովսկու ժառանգությունը պահպանող մարդկանց

«Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից».բացահայտելով Այվազովսկու ժառանգությունը 
պահպանող մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմի հեղինակները նոր կինոնկարով փորձել են ցույց տալ, թե մարդիկ ինչ են մտածում հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին: 2018 թվականին արտադրված ֆիլմը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

 «Այվազովսկու մասին ամեն ինչ հայտնի է, նա 6000 նկար է թողել: Մեր ֆիլմը նրա ստեղծագործական գործունեության մասին չէ: Այն մարդկանց մասին է, ովքեր պահպանում և հետազոտում են նրա գործերը, զարգացնում նրա ավանդույթները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ֆիլմի ռեժիսոր Աշոտ Ջազոյանը:

Ֆիլմը «կենդանացնում» է Հովհաննես Այվազովսկու հայտնի գործերը և ցուցադրում այն անձանց, ովքեր պահպանում են ծովանկարչի ավանդույթները:Ներկայացվում են մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի շենքն ու նկարչի գերեզմանը, որ գրեթե ավերված էր: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի իր և առհասարակ այսօրվա Ղրիմի համար Այվազովսկու կարևորության վերաբերյալ: Մեծ նկարչի մասին խոսում են պատկերասրահի ուսանողները, ծովայիններ, որոնք «Այվազովսկուց սովորել են սիրել ծովը», Թեոդոսիայի բնակիչները, թանգարանի աշխատակիցները, քահանան և այլք:

Կինոնկարի ռեժիսորը փաստում է՝ Այվազովսկուն նվիրված ֆիլմը նկարահանելն այնքան էլ հեշտ չի եղել:

«Մենք ցանկացել ենք ցույց տալ, թե ինչ նշանակություն ունի Այվազովսկին Ղրիմի համար: Մեր հերոսներից մեկն ասում է՝ «Ղրիմի մասին շատերը չգիտեն, բայց Այվազովսկու մասին բոլորը գիտեն»: Մեր հերոսները պարզապես ապրում են Այվազովսկիով»,-նշեց Աշոտ Ջազոյանը՝ հավելելով, որ Այվազովսկին մնայուն արժեք է Ղրիմի համար: Նա հավելեց, որ ֆիլմը ցուցադրվել է Ղրիմում, իսկ ցուցադրությունը շատ լավ է անցել: Ֆիլմն ուղարկվել է նաև Չեռնոգորիա, Ֆրանսիա:  

Աշոտ Ջազոյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Այվազովսկին միշտ մնացել է հայ, պահպանել է իր ինքնությունը: Ֆիլմի ստեղծողները ցանկանում են հետագայում ստեղծել կինոնկարի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն տարբերակներն՝ այն աշխարհում տարածելու համար: Վստահ են՝ Այվազովսկին այնպիսի կերպար է, որ պետք է շատերին հետաքրքրի:

Աշոտ Ջազոյանը 1977-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Քաղաքական տնտեսություն է դասավանդել Երևանի պոլիտեխնիկական համալսարանում: 1996-ին ընտրվել է Լրագրողների միությունների միջազգային դաշնության (MCGS) քարտուղար, 1998-ին՝ գլխավոր քարտուղար: Նա Լրագրողների ընկերակցություն մեդիակոնգրեսի նախագահն է և Ռուսաստանի լրագրողների միության քարտուղարը: Եռանդուն մասնակցություն ունի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը՝ որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր: Արժանացել է «Ռուսաստանի ոսկե փետուր» պարգևին «Բացահայտեք Ռուսաստանը» վավերագրական շարքի համար, որը 2013-ին հեռարձակվել է Russia Today հեռուստաալիքով: «Ռուսաստան. պոզիտիվ» վավերագրական շարքի (2013) համար Ջազոյանը Ռուսաստանյան կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին, ինչպես նաև ոչ գեղարվեստական ֆիլմերի Arctic ՄՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին «Անուններ քարտեզին. Սեմյոն Դեժնև» ֆիլմի (2014) համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]