Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանն իր հաջորդ ֆիլմը նկարահանելու է Հայաստանում

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանն իր հաջորդ ֆիլմը նկարահանելու է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի նոր «Դեպք ճանապարհի վրա» կարճամետրաժ կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հայաստանում: Ռեժիսորի 4-րդ կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում է:

«Երկրորդ անգամ եմ «Ոսկե ծիրան»-ում, երկու տարի առաջ ևս մասնակցել եմ, ֆիլմս ընդգրկված էր մրցութային ծրագրում: Սիրում եմ այս փառատոնը, ամեն տարի գալիս եմ: Ռուսաստանում կինեմատոգրաֆիստների միություն կա, սցենարների մրցույթ էին անցկացրել, և իմը հաղթել էր, նրանք էլ աջակցեցին այս ֆիլմի ստեղծմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Էվելինա Բարսեղյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է Իվան Յանկովսկին՝ հայտնի դերասան, երջանկահիշատակ Օլեգ Յանկովսկու թոռը: Փաստում է՝ Ռուսաստանում եթե դերասաններին դուր է գալիս ֆիլմի սցենարը, անգամ հոնորարի բացակայության դեպքում պատրաստ են նկարահանվել:

Ֆիլմի հերոսը գող է: Փրկվելու համար գիշերվա կեսին ոստիկանությունից փախչող գողին ոչինչ չի կանգնեցնի: Գիշերվա խավարը նրան ծածկույթ է տրամադրում, բայց արշալույսին նա իր կյանքի ամենադժվար ընտրությունը պիտի անի:

Ֆիլմը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում, ռեժիսորի խոսքով՝ շատ ցուրտ եղանակին: Կինոնկարն առաջին անգամ ցուցադրվելու է հենց Երևանում:

Էվելինա Բարսեղյանը հիացած է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա ծրագրով: Փաստում է՝ հիանալի ֆիլմեր են ցուցադրվելու, որոնք հայ հանդիսատեսը վայելելու հնարավորություն ունի: Ուրախ է, որ իր 4-րդ ֆիլմի փառատոնային ուղին սկսվում է հենց «Ոսկե ծիրան»-ից:

«Պլանավորում եմ Հայաստանում մնալ, առաջին լայնամետրաժ ֆիլմս նկարել: Շատ գաղափարներ ունեմ: Հաջորդ ֆիլմս ռոմանտիկ կատակերգություն է լինելու գյուղից Երևան եկած երիտասարդների մասին»,-նշեց ռուսաստանաբնակ ռեժիսորը:

Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սևան քաղաքում, մեծացել Ռուսաստանում: Օմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է, սովորել է նաև ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի կինոլաբորատորիայիում: 2016-ին մասնակցել է Մանհեթենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որտեղ կայացել է նրա երրորդ կարճամետրաժ ֆիլմի՝ «Բրավիստի» համաշխարհային պրեմիերան: Այնուհետև ֆիլմը Ռուսաստանում հանդիսատեսների քվեարկությամբ գրավել է առաջին տեղը և հայտնվել «Օսկար»-ի ներկայացվածների նախնական ցանկում: Բարսեղյանի ֆիլմերը եղել են նաև Երևանի «Ոսկե ծիրան», Բադալոնայի, Ազգերի (Մինեսոթա), ռուսաստանյան «Կարճ ասած», «Ղրղզստան՝ կարճամետրաժների երկիր» ՄԿՓ-երում և այլուր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ