Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Ռոբեր Գեդիգյանի նոր «Առանձնատունը» ֆիլմով մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Առանձնատունը» ֆիլմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2017 թվականին ստեղծված և Ֆրանսիայի արտադրած կինոնկարի ցուցադրությունը տեղի ունեցավ հուլիսի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Մեկնարկել է 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը: Ողջունում եմ ձեզ կամզակերպիչների և տնօրենության անունից: 15-րդ փառատոնը ոչ միայն մեր անցած ուղու ամփոփումն է, այլև մեր ուղերձն է մեր հանդիսատեսին և կինոաշխարհին: «Ոսկե ծիրան»-ը միշտ փորձել է իր ծրագրերում ամփոփել ամենակարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Երևանում: Այս տարի մեր երկրում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Դրա համար էլ բացման արարողության համար ընտրեցինք այս ֆիլմը»,-ֆիլմի ցուցադրության մեկնարկին նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք բազմիցս ցուցադրել են Գեդիգյանի ֆիլմերը Հայաստանում:

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն էլ նշեց, որ «Առանձնատունը» Ռոբեր Գեդիգյանի 30-րդ ֆիլմն է, այն ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Նա նաև շեշտեց, որ Գեդիգյանը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, ինչպես նաև «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ:

Մարսելի մոտակայքի փոքրիկ ծովածոցում կա մի գեղատեսիլ առանձնատուն, որի տերը ծեր մարդ է: Կյանքի վերջին օրերին նրա կողքին են երեք զավակները`  Փարիզում բնակվող դերասանուհի Անժելան, Ժոզեֆը, որ նոր է սիրահարվել իր կես տարիքի մի աղջկա, և Արմանը՝ միակը, որ մնացել  է Մարսելում՝ ընտանեկան փոքրիկ ռեստորանն աշխատեցնելու: Նրանց համար ծանրութեթև անելու ժամանակն է, թե ինչ են ժառանգել հոր իդեալներից և այն համայնական ոգուց, որին ծնունդ է տվել հայրն այդ մոգական վայրում: Մի խումբ նավարկող մարդկանց հայտնվելը մերձակա ծովախորշում մտորումների այս պահերը կվերածի իրարանցման:

Ռոբեր Գեդիգյանը ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա «Մարիուսն ու Ժանետը» արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոշի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն և նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ