Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարվա խմորումների արդյունք «Եվա»-ն

Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարվա խմորումների արդյունք «Եվա»-ն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից հետո փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ և ապաստանում է Արցախի մի գյուղում: Հայաստանի և Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժվարությունների միջով: Կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

«Շնորհավորում եմ բոլորիս «Ոսկե ծիրան»-ի 15-ամյակի առթիվ: Ցանկացած երկրի համար նվաճում և հաղթանակ է ունենալ նման փառատոն: «Եվա»-ն շատ միջազգային փառատոների է մասնակցել, բայց ուրախ եմ, որ նաև այս փառատոնին կներկայացվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ռեժիսոր Անահիտ Աբադը: Նրա խոսքով՝ «Եվա»-ն 17 տարվա խմորման արդյունք է: Երբ Աբադն առաջին անգամ եղել է Արցախում, այցելել է Դադիվանք: Այնտեղ էլ մի քանի ժամում պատմությունը ստացել է իր նախնական ձևակերպումը: Հետո Աբադը որոշել է նկարել այս կինոնկարը:

Նշենք, որ Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելվել էր: «Ստամբուլում ֆիլմը չի ցուցադրվել, մրցութային բաժնում էր, բայց վերջին օրը Թուրքիայի ազգային անվտանգության ուժերը արգելափակել են ֆիլմի ցուցադրությունը: Ցավում եմ, իրոք կցանկանամ, որ ֆիլմը ցուցադրվի Թուրքիայում»,-նշեց Անահիտ Աբադը: Նա նաև շեշտեց, որ ֆիլմը շուտով կցուցադրվի Իրանի կինոթատրոններում:

Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իր մարմնավորած կերպարը՝ Եվան անընդհատ շատ մեծ դժվարությունների միջով էր անցնում: «Եվ նա այդ ամենը այնքան պինդ, արժանապատվությամբ էր տանում: Եվան ինձ սովորեցրեց ամեն դժվարություն արժանապատիվ ձևով հաղթահարել»,-նշեց Նարինե Գրիգորյանը:

Ի դեպ, Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից ներկայացրել էր Աբադի «Եվա» ֆիլմը: Նարինե Գրիգորյանը  տեղեկացրեց, որ Հայաստանից մարդիկ են եղել, ովքեր Օսկարի կազմկոմիտե նամակներ են ուղարկել բողոքելով, թե ֆիլմը չի կարող ներկայացնել Հայաստանը: Դերասանուհին վստահ է՝ պետք է արմատախիլ անել նման երևույթները:

Անահիտ Աբադը ծնվել է 1968-ին, Թեհրանում, հայ ընտանիքում։ Արժանացել է կինոռեժիսուրայի բակալավրի աստիճանի: Իր գործունեության ընթացքում նա աշխատել է որպես ռեժիսորի առաջին օգնական եւ ծրագրող Իրանի պրոֆեսիոնալ կինոյի բազմաթիվ նախագծերում: Համագործակցել է այնպիսի հայտնի հեղինակների հետ, ինչպիսիք են Ալիռեզա Դավուդ Նեջադը, Աբուլֆազլ Ջալիլին, Ռասուլ Սադամելին, Ահմադ Ռեզա Դարվիշը, Վարուժ Քարիմ-Մասիհին, Բահրամ Բեյզայեն եւ այլք: 2006 թվականից Իրանի կինոյի ինստիտուտի ռեժիսորի օգնականների եւ ծրագրողների կենտրոնական խորհրդի անդամ է: 2010 թ. դարձել է այս ինստիտուտի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]