Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուժուպիսում տեղի  է ունեցել Սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակի բացման արարողությունը

Ուժուպիսում տեղի  է ունեցել Սահմանադրության հայերեն թարգմանության 
ցուցատախտակի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լիտվայի հայերի միության աջակցությամբ հուլիսի 5-ին տեղի ունեցավ Ուժուպիսի Սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Արարողությանը մասնակցում էին Լիտվայի մշակույթի նախարար Լիանա Ռուոկիտյեն և աշխատանքային այցով Լիտվայում գտնվող Էստոնիայի մշակույթի նախարար Ինդռեկ Սաարը։ Միջոցառման անցկացման առաջաբանն էր «Հանուն մեր իրավունքների» կարգախոսը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ որպես միջոցառման անցկացման օր հուլիսի 5-ի ընտրությունը պատահական չէր, քանի որ այն Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության օր: Այնուհետև դեսպանը ներկայացրեց հայ ժողովրդի սահմանադրական հարուստ ավանդույթները՝ հիշատակելով 5-րդ դարում Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը», 12-13-րդ դարերում Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը, 1773-1783թթ. հնդկահայ համայնքի ներկայացուցիչների կողմից Հայաստանի ապագա պետության համար Սահմանադրության՝ «Որոգայթ փառացի» ստեղծումը: Տիգրան Մկրտչյանի խոսքերով սահմանադրական այդ ավանդույթները կարևոր ազդեցություն ունեցան ազգային ազատագրական շարժման ողջ ընթացքի վրա, ինչը հանգուցալուծվեց 1918թ. Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումով, որի հարյուրամյակը նշվեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Լիտվայում, Էստոնիայում և Լատվիայում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Ուժուպիսի նախագահ Ռոմաս Լիլեյկիսը և վարչապետ Սակալաս Գորոդեցկիցը, ովքեր անդրադարձան Լիտվայում հայկական ներկայությանը և շեշտեցին, որ Ուժուպիսի Սահմանադրության հայերեն տեքստի առկայությունն էլ ավելի է ամբողջացնում այդ տեքստի ներկայացվածությունը՝ հավելյալ խթան հանդիսանալով հայ զբոսաշրջիկների համար այցելելու Ուժուպիս։

Ուժուպիսի Սահմանադրությունը հայերեն ընթերցեց տեքստի թարգմանիչ, նշանավոր հայազգի գրող Վահագն Գրիգորյանը։ Սահմանադրության տեքստի հայերեն թարգմանությունը խմբագրվել էր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից։

Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ուժուպիսը, թարգմանաբար նշանակում է «գետի այն ափը», Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հին քաղաքի մասն է կազմում և զբաղեցնում է 60 հեկտար տարածություն՝ շուրջ 7000 բնակչությամբ:

1997թ. ապրիլի 1-ին Ուժուպիսը սիմվոլիկ նշանակությամբ ինքնահռչակվեց որպես անկախ հանրապետություն (Ուժուպիսի Հանրապետություն)՝ սեփական դրոշով, նախագահով, կառավարությամբ, օրհներգով, տարադրամով, սահմանադրությամբ և այլն: Ուժուպիսի սահմանադրության պատին ներկայացված են տարբեր լեզուներով այդ Սահմանադրության թարգմանությունները։ Հայերենը 31-րդ լեզուն է, որով թարգմանվել է Ուժուպիսի Սահմանադրությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]