Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ֆրանսիան հաղթեց Ուրուգվային և դուրս եկավ մունդիալի կիսաեզրափակիչ


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ուրուգվայի հավաքականը Նիժնի Նովգորոդ քաղաքում մրցեց Ֆրանսիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման առաջին իսկ րոպեից թիմերը բարձր տեմպ էին հաղորդել խաղին: Սակայն քիչ-քիչ հավաքականները սկսեցին զգույշ գործել և կենտրոնանալ պաշտպանության վրա: Այս խաղը ռեկորդային էր Ուրուգվայի ազգային թիմի ավագ Դիեգո Գոդին համար, ով 8-րդ անգամ որպես ավագ մասնակեց «աղավնիների» պաշտոնական խաղին: Երկու թիմերն էլ մի շարք հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը, բայց գնդակն այդպես էլ չէր հայտնվում ցանցի ներսում: Գնդակին ավելի շատ տիրում էին ֆրանսիացիները: Նրանք առաջատար էին նաև ճիշտ փոխանցումների վիճակագրությամբ:

 

Խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, Ֆրանսիայի հավաքականն օգտվեց ստանդարտ դիրքից: Գրիզմանի փոխանցումից հետո Ռաֆայել Վառանը գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Սա Վառանի անդրանիկ գնդակն է «կապույտների» պաշտոնական խաղերում: Մինչ այս նա աչքի էր ընկել միայն ընկերական հանդիպումներում (2 գոլ): Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսը այդպես էլ առաջին կեսում ոչ մի հնարավորություն չունեցավ իր որակները ցույց տալու:

 

Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին գրոհների հիմնական մասը կազմակերպում էին ֆրանսիացիները: Ուրուգվայն էլ ուզում էր օգտվել հակագրոհներից: 61-րդ րոպեին անհավանական կերպով սխալվեց Ուրուգվայի հավաքականի դարպասապահը, ով Անտուան Գրիզմանի հարվածից հետո նախ կարծես որսաց գնդակը, բայց սխալվեց և այն հայտնվեց դարպասում՝ 0:2:

 

Խաղակեսի վերջնամասում Ֆրանսիան շեշտը դրեց պաշտպանության վրա և գնդակին ավելի շատ տիրում էին Ուրուգվայի ընտրանու ֆուտբոլիստները: 1978 թվականի ԱԱ-ից հետո Ֆրանսիայի ընտրանին ոչ մի անգամ չի պարտվել Հարավային Ամերիկան ներկայացնող թիմերի դեմ խաղերում: Եվ եվրոպացիները կարողացան պահպանել հաղթական 2:0 հաշիվը և դուրս եկան մունդիալի կիսաեզրափակիչ:

Ֆրանսիան աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կխաղա Բելգիա-Բրազիլիա զույգի հաղթողի հետ:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ