Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետք չէ պաշտոնյայի հետ շփումը դիտարկել որպես երկնային հրաշք. Փաշինյանը ժողովրդին զսպվածության կոչ արեց Կապանում

Պետք չէ պաշտոնյայի հետ շփումը դիտարկել որպես երկնային հրաշք. Փաշինյանը ժողովրդին զսպվածության կոչ արեց Կապանում

ԿԱՊԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի վերջին կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ բնակիչների հետ հանդիպումն այնքան էլ հարթ չանցավ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախ ողջունեց ներկաներին, շնորհավորեց Սահմանադրության տոնի առթիվ և հարց հղելու հնարավորություն տվեց ցանկացողներին՝  նշելով, որ այսպիսով իրենք փորձում են տեղում քարտեզագրել առկա խնդիրները, որպեսզի հետագայում դրանց լուծում տան։

Ի սկզբանե քաղաքացիների հարցերը վերածվեցին կամ ելույթների, կամ նեղ անձնական խնդիրների բարձրաձայնման, որոնց ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հանրային նշանակության հարցեր բարձրացնել։ «Խնդրում եմ համայնքի, մարզի, ընդհանուր բնույթի խնդիրների մասին խոսեք, դա ավելի արդյունավետ կլինի»,-ասաց վարչապետը։

Կապանցիներն առանց իրար հերթ տալու փորձեցին հարցեր տալ, որոշ քաղաքացիներ, տեղից խոսելով, խանգարում էին արդեն հարց հնչեցնող անձանց։ Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու անգամ ընդհատեց հարց ու պատասխանը, քայլեց դեպի հավաքված մարդկանց՝ ձայնի իրավունքը տալով այդ մարդկանց։

Սանկտ Պետերբուրգից բնակվող երիտասարդ աղջկա դիտարկմանը, որ Հայաստանի տարբեր ոլորտներում զարգացումը կնպաստի իր նման շատ այլ անձանց կողմից Հայաստանում ապրելու որոշում կայացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․  «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում չկա հնարավորություն, ընդհակառակը՝ հենց այսօրվանից կարող եք մտածել Հայաստան վերադառնալու մասին։ Այսօր Հայաստանում մարդիկ հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու։ Կա իրավական հավասար դաշտ, ներդրումներ կատարելու հնարավորություն, որոնք պաշտպանված են։ Ձեր ծողներին, բոլոր հայերին կոչ եմ անում վերադառնալ ու այստեղ աշխատատեղեր բացել, ոչ թե բարեգործություն անել»։

Ինչ վերաբերում է Կապանի բնապահպանական իրավիճակի հետ կապված մտահոգությանը, ապա վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ու բնապահպանական տեսչական մարմինը Հայաստանի մետաղական հանքերում իրականացնելու են ստուգումներ՝ պարզելու արդյոք դրանք գործում են ՀՀ օրենսդրությանն ու բնապահպանական կանոններին համապատասխան, թե ոչ։ «Եթե պարզվի, որ որևէ պոչամբար, հանք գործում է այդ կանոններից դուրս, ապա դրանց առաջ պահանջ կդրվի ամբողջ գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը»,-ասաց Փաշինյանը։

Հանդիպման ավարտին ևս որոշակի խժդժություններ եղան։ Փոքրիկ աղջնակի լուսանկարվելու խնդրանքը վարչապետը չմերժեց, ավելին՝ համաձայնեց նկարվել բոլոր երեխաների հետ, ինչը, սակայն, առաջացրեց հրմշտոց, և ոչ այնքան երեխաների, որքան մեծահասակների կողմից։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը զսպվածության կոչ արեց և խորհուրդ տվեց պաշտոնյայի հետ շփումը չդիտարկել որպես երկնային հրաշք։ «Սա սովորական իրադարձություն է, որ ձեզ հետ պետք է անընդհատ տեղի ունենա։ Եկեք պայմանավորվենք, որ այս շփումը պետք է լինի կանոնակարգված։ Ես ձեզ կոչ եմ անում, որ ձեր դիրքը բոլոր դեպքերում լինի որպես ազատ, հպարտ ու արժանապատիվ քաղաքացի»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]