1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ մեկ տարում 
գնալ արտահերթ ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետական  կուսակցությունը պատրաստ է մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

ԱԺ-ում կայացած նիստին մասնակցելու հրավեր են ստացել նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամները, սակայն նրանք այսօր ներկա չէին:

«ԱԺ նախագահը նրանց հրավեր էր հղել, և մենք պլանավորում էին հանդիպում անցկացնել: Հուսանք, որ հաջորդ նիստին արդեն ներկա կլինեն»,- նշեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վարչապետին առընթեր հանձնաժողովի կողմից խորհրդարան անցնելու շեմը 1%-ով իջեցնելու առաջարկին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն պետք է որոշակի նպատակ հետապնդի:

«Խորհրդարանական համակարգերում կարևոր է, որ քաղաքական ուժերից մեկը կայուն մեծամասնություն ունենա: Ընտրական շեմը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը, և ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը, ինչու ենք մենք դա անում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` Հայաստանում դեռևս ստեղծված չէ դասական քաղաքական դաշտ, և կայացած ավանդական կուսակցությունները քիչ են ու կառավարական հանձնաժողովի առաջարկը կարող է խոչընդոտել նորաստեղծ կուսակցությունների կայացմանը:

«Այս փոփոխությունները կհասկանայի այն դեպքում, եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը ու խորհրդարան թարմ արյուն մտցնելու կարիք լիներ: Առանց դրդապատճառի վերցնել ինչ-որ մի գաղափար ու ներմուծել, շատ արհեստական է»,- ասաց նա:

Փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համոզմամբ Հայաստանի ապագան այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն իր առավելությունները ցույց կտա 2-3 ընտրությունների ընթացքում:

«Կարծում եմ` պետք է համադրել բոլոր առավելություններն ու թերությունները, որովհետև նպատակը մեկն է` թույլ չտալ, որ որևէ մեկը որոշի կուսակցության անդամների հերթականություն: Դա երբևէ թույլ չի տա, որ ձևավորվեն իսկապես ժողովրդավար կուսակցություններ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ խմբակցությունների ու կառավարության անդամների քննարկումները հնարավորություն են տալիս գտնել հենց այն լավագույն լուծումները, որոնք հնարավորություն կտան որակյալ ընտրություններ կազմակերպել: Իր խոսքով` իդեալական համակարգ չկա, բայց պետք է փորձել պլանավորել այնպիսի մոդել, որով հնարավոր կլինի լուծել Հայաստանում առկա խնդիրները:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ և Դաշնակցություն խմբակցությունները ներկայացրել են իրենց առաջարկները: ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» դաշինքն իրենց առաջարկները կներկայացնեն հաջորդ նիստի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]