Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր է քաղաքացիներին ID քարտեր բաժանվեն

Խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր է քաղաքացիներին ID քարտեր 
բաժանվեն

ԵՐԵՎԱն, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ անվճար ID (նույնականացման) քարտեր կարող են բաժանվել։ Հուլիսի 4-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային առաջին նիստի ընթացքում այսպիսի առաջարկ արեց նիստը վարող Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցույց տալ՝ կախված քարտերի թվից։ Դոնոր քաղաքական ուժերն էլ, ովքեր այս տարբերակին հակված կլինեն, կհամաձայնեն ֆինանսավորել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Սա հուշում է կառավարությանը՝ որտեղ կա փող և ինչպես կարելի է այն բերել՝ Հայաստանում որակական առաջընթաց ապահովելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրապետական խմբակցության առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր ընտրական գործընթացը նոր սարքերով համալրելուն։ Դրանք հնարավորություն կտան ընտրել ոչ միայն լսողության ու տեսողության խնդիրներ ունեցող, այլև կաթված ստացած մարդկանց։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սարքը հնարավորություն կտա խուսափել նաև ընտրակեղծիքների որոշ ձևերից։ «Երբ ընտրողը մոտենում է սարքին, բացվում են կուսակցությունների ու դաշինքների խորհրդանիշերն ու անունները։ Իր նախընտրած խորհրդանիշին հպվելուց հետո տպվում է քվեաթերթիկը ու այն հայտնվում է ապակու տակ, իսկ կոճակը սեղմելուց հետո էլ՝ ընկնում քվեատուփի մեջ»,-նշեց Հարությունյանը։

Հանձնաժողովի անդամ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն առաջարկեց անցնել բացառապես համամասնական ու բաց ընտրակարգի։ Ռուստամյանի կարծիքով՝ այս ընտրակարգը ժողովրդավարության մակարդակի բարձրացում կապահովի։ «Մեծամասնական ընտրակարգի դեպքում, հնարավոր է, քիչ ձայն ստացած թեկնածուն մանդատ ստանա, իսկ շատ ձայն ստացող անձը չհայտնվի Ազգային ժողովում։ Փակն էլ է պակաս ժողովրդավարական։ Այս ընտրակարգի դեպքում քաղաքացին ընտրում է միայն կուսակցությանը, հետո կուսակցությունն է ընտրում, թե իր ցուցակից ով դառնա պատգամավոր»,- նշեց Արմեն Ռուստամյանը։ Հանձնաժողովը նիստի սկզբում կազմեց նաև աշխատանքների ճանապարհային քարտեզը։ 15-օրյա ժամկետում ընտրական օրենսգրքի բարեփոխումներով շահագրգռված բոլոր արտախորհրդարանական ուժերը հնարավորություն կունենան իրենց առաջարկներն ուղարկել ԱԺ աշխատակազմ, դրանք կքննարկվեն ու ըստ անհրաժեշտության կկցվեն խմբակցությունների առաջարկներին։ ԱԺ հանձնաժողովի վերջնական առաջարկներն էլ կհամադրվեն Կառավարությունում ձևավորված հանձնաժողովի առաջարկներին ու կուղարկվեն Վենետիկ՝ ստանալու Վենետիկի հանձնաժողովի հավանությունը։ Հանձնաժողովի անդամ «ԵԼՔ» խմբակցությունն ու «Ծառուկյան» դաշինքն իրենց առաջարկները կներկայացնեն հաջորդ նիստի ընթացքում։ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովը հունիսի 28-ին առաջարկել էր անցնել ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով ընտրական համակարգի, իսկ խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար իջեցնել 1%-ով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]