Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև միջադեպի եզրակացությունը


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է հերթական փակ նիստը, որին հրավիրված են եղել հունիսի 28-ի ԱԺ նիստի միջադեպի մասնակիցներ Ժաննա Գալստյանը և Հայկ Խանումյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրվա երկրորդ կեսին հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներ  Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի  կողմից 2018թ. հունիսի 28-ին ԱԺ նիստում վիճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ եզրակացությունը:

Դրանում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 17-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի   նիստում վիճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ  էթիկայի  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱՀ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը` ԱԺ էթիկայի  ժամանակավոր հանձնաժողովը  (այսուհետ` Հանձնաժողով) հրավիրված նիստերում քննության է առել միջադեպին առնչվող բոլոր  մանրամասները, լսել  ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի բացատրությունները, որի արդյունքում Հանձնաժողովը եզրահանգեց.

  1. 2018թ. հունիսի 28-ի Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Հայկ Խանումյանի քաղաքական խոսքին հաջորդել է պատգամավոր Ժաննա Գալստյանի հայհոյանքը, որն անպատասխան չի մնացել Հայկ Խանումյանի կողմից, վեր է ածվել վեճակռվի և փոխադարձ հայհոյանքի:
  2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:
  3. «Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները:

Այսպես, նշված  հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի էթիկայի կանոններն են՝  հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին,  հարգել հանրության բարոյական նորմերը,  պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով,  չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի,  իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

  1. Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները չեն պահպանել օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Վերջիններիս պահվածքը համարում ենք անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է պատգամավորական էթիկայի կանոններին և հարիր չէ մեր ավանդույթներին:
  2. Առաջարկում ենք.

1) ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի հարցը քննարկել «Ժողովրդավարություն» խմբակցությունում .

2)  Քանի որ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Վերածնունդ» խմաբակցության միակ անդամն է, հարցը քննարկել «Ազգային վերածնունդ»   կուսակցության գործադիր մարմնում:

  1. Հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, միմյանց նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և բացառել նման միջադեպերը:
  2. Սույն եզրակացությունը տեղադրել Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-մասի 1-ին կետի համաձայն Հանձնաժողովի լիազորությունները համարել դադարած»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ