Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենիա» երաժշտական փառատոնը կմեկնարկի դաշնակահար Դենիս Կոժուխինի համերգով

«Արմենիա» երաժշտական փառատոնը կմեկնարկի դաշնակահար Դենիս Կոժուխինի 
համերգով

 ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհում մեծ համբավ վայելող մենակատարներ՝ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), որը 2005 թվականին ելույթ ունենալով Մեծ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 2-6-ը Երևանում:

Փառատոնի մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման  կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Անցյալ տարի իրականացվեց «Արմենիա» մրցույթ-փառատոնը, այս տարի միայն փառատոն կանցկացվի: Խոսելով միջոցառման գեղարվեստական ձեռքբերումների մասին`պետք է փաստեմ, որ կարևոր է աշխարհի մեծագույն երաժիշտների` Դենիս Կոժուխինի,  Նիկոլայ Ցնայդերի և մյուս ստեղծագործողների մասնակցությունն այս իրադարձությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա շեշտեց, որ փառատոնին կհնչեն կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի լավագույն ստեղծագործությունները:

Ալեքսեյ Շորի խոսքով` ինքն անցյալ տարի մասնակցել է «Արմենիա»-ին: «Սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի է կատարում իմ գործերը, և ես այդ կապակցությամբ շատ ուրախ եմ: Շատ եմ սպասում Նիկոլայ Ցնայդերի և Դենիս Կոժուխինի  համերգներին»,-ասաց նա:

Շորի հայրը երկար տարիներ ապրել է Հայաստանում` Գյումրիում: Կոմպոզիտորը  խոստովանեց, որ իրենց ընտանիքում միշտ խոսել են այն մասին, որ իր հայրը մեծացել է Հայաստանում, որը  հեռավոր, հեքիաթային երկիր է եղել: «Երազում էինք հորս հետ Հայաստան գալ: Մեկ տարի առաջ ստացվեց, և հեքիաթը շարունակվեց. հրաշալի ճանապարհորդություն ունեցանք այստեղ, գտաք այն  տունը, որտեղ հայրս ապրել էր: Ամեն ինչ հուզիչ էր, ամբողջ կյանքում կհիշենք»,-անկեղծացավ կոմպոզիտրը:

Դենիս Կոժուխինն ասաց, որ սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը նշանակալի է, այն  բացառիկ նվագախմբերից է, որն աշխատում է ժպիտով:

Նիկոլայ Ցնայդերը փաստեց,  որ  առաջին անգամ է ժամանել Հայաստան  և ընդամենը մի քանի ժամ է մեր երկրում: «Մեծ ակնալիքներ ունեմ փառատոնից: Հայ կոմպոզիտորներից կատարել եմ Խաչատրյանի գործերը»,-ասաց ջութակահարը:

«Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ կունենան նաև ջութակահար Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա  Օսետինսկայան։ Վերջինիս՝  2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելեր։

Փառատոնի կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչներին։ Համերգային ծրագրերը բազմազան են եւ ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի եւ այլ հեղինակների գործեր: Ալեքսեյ Շորն այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է։

«Արմենիա»-ն հյուրընկալելու է ավելի քան 200 զբոսաշրջիկի, որոնք գալիս են Հայաստան հենց այս փառատոնին մասնակցելու համար:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]