1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը նշեց, որ այս այցը լավ առիթ է անձամբ ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ ունենալու, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։   

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է հագեցած և լայն օրակարգ, երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ուղղություններով և տարբեր միջազգային հարցերի առնչությամբ ունեն համահունչ դիրքորոշումներ ու փոխըմբռնում։ «Պատահական չէ, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, ուր ես պաշտոնական այց եմ կատարում իմ ներկա կարգավիճակում․ դա ինքնին խոսուն փաստ է և լավագույնս է բնորոշում մեր գործընկերությունը»,- ընդգծեց նախարար Մնացականյանը։

ՀՀ ԱԳ նախարարը իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասարության և արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։

Զրուցակիցները կարևորեցին թավշյա հեղափոխությանը զուգորդած իրադարձությունների խաղաղ բնույթը և զսպվածությունը՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարության և պետական հաստատությունների հասունությունը: Գերմանիայի ԱԳ նախարարը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները քաղաքական խաղաղ փոփոխությունների ակնառու օրինակ են հանդիսանում։

Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց  Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և երկրի զարգացման գործում։

Նախարարներ Մնացականյանը և Մաասը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են, այդ համատեքստում անդրադարձ կատարվեց այս տարի նախատեսված բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին։

Բանակցությունների օրակարգում էին մշակութային և գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ստեղծագործ և նորարար կրթության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ ոլորտում կիրառվող փորձը և արձանագրված ձեռքբերումները։ ԱԳ նախարարը նաև բարձր գնահատեց Հայաստանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն ապագայում կընդլայնի իր գործունեությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Այս առնչությամբ նախարարը բարձր գնահատեց գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում ընդգծվեց «Քրոնիմեթ», «Սիմենս» և այլ ընկերությունների գործունեությունը Հայաստանում։   

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, այն միաժամանակ համագործակցության նոր հեռանկարներ է բացում  նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ԵՄ մյուս անդամ երկրների պես Գերմանիան ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասը կարևորեցին Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության հաստատումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է ամուր և հուսալի կապող օղակ դառնալ վերոհիշյալ երկու բազմակողմ հարթակների միջև:

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ ընդգծելով այդ ուղղությամբ առաջ գնալու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը խրախուսելու տեսանկյունից:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը՝ այդ համատեքստում ընդգծելով, որ եվրոպական գործընկերները պետք է աչալուրջ լինեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը խաթարող բոլոր գործողությունների, ներառյալ սպառազինությունների մրցավազքը խթանող քայլերի նկատմամբ։

Այս համատեքստում նախարար Մաասը վերահաստատեց Գերմանիայի անվերապահ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ կարևորելով հիմնախնդրի բացառապես խաղաղ և քաղաքական կարգավորումը:  

Հանդիպման օրակարգում էին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները՝ մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները:  

Հանդիպումից առաջ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ծանոթացան հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթղթերին, որոնց շարքում էին նաև Հայաստանի առաջին Հանրապետության և Գերմանիայի միջև կապերին վերաբերող հարյուրամյա վաղեմության վկայագրեր։

Բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]