Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր».  «Մտածել ինչպես Շերլոկը» առաջին հորիզոնականում է. փաստավավերագրական. մայիս, 2018  

«Երևանյան բեսթսելեր».  «Մտածել ինչպես Շերլոկը» առաջին հորիզոնականում է. 
փաստավավերագրական. մայիս, 2018

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կազմում ենք ամսական վաճառքի տվյալներով: Ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթ օրը ձեզ ենք ներկայացնում հայ գրողների գեղարվեստական, երկրորդ ուրբաթ օրը՝ թարգմանական ստեղծագործությունների, երրորդ ուրբաթ օրը՝ մանկական գրքերի, իսկ չորրորդ ուրբաթ օրը՝ փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակները: Տասնյակները կազմվում են նախորդ ամսվա վաճառքների տվյալների հիման վրա: Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում փաստավավերագրական  ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Առաջին հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շերլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շերլոկ Հոլմսի մասին պատմություններից մեջբերումներով: 

Երկրորդ հորիզոնականում Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է: Գրքում ամբողջությամբ գործնական խորհուրդներ են: Նպատակն է կրթել սկսնակ գործարարներին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես-մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, ուսանող… Գիրքը կարդալով՝ ընթերցողը կսովորի 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Երրորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Հինգերորդ հորիզոնականում է Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ. զինանշաններ, դրոշներ, պարգևներ» գիրքը: Աշխատության մեջ առաջին անգամ տարբեր աղբյուրներից վերցված լայնածավալ նյութի հիման վրա ներկայացվում են հայկական մատենագրության, ճարտարապետության, պատկերաքանդակի, լուսանկարների և նյութական մշակույթի այլ օրինակներում պահպանված զինանշանները, դրոշները, պետական և ազգային խորհրդանշանները: Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման և հաղթանակի գրավական` այս խորհրդանշանները հայ պետականության և ազգի համախմբման յուրօրինակ վկայություններն են:

Վեցերորդ հորիզոնականում Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք. Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար» գիրքն է: Այն պատմում է հեղինակի՝ Վրաստանի նախկին նախագահի քաղաքական փորձառության մասին, ներկայացնում ներքին և միջազգային քաղաքականության ուշագրավ մանրամասներ, ընդգրկում Վրաստանի համար բեկումնային հանդիսացած հեղափոխության, պատերազմի, բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և այլ գործընթացների մասին պատմություններ։

Յոթերորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ութերորդ հորիզոնականում է Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գիրքը:  Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ներկայացվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ:

Իններորդ հորիզոնականում է Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քարնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց կյանքի փորձից, ասույթներից, որպես օրինակ ներկայացրել է նաև իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:

Տասներորդ հորիզոնականում է Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը: Գրքում ներկայացված են 200 հայկական ընկերությունների և կազմակերպությունների իրական պատմություններ և օրինակներ: Գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր երազում են սկսել սեփական բիզնես կամ արդեն որոշում են կայացրել այդ ուղղությամբ: Նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Շեռլոկը»

Զանգակ 50
2 * Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» Էդիթ Պրինտ 41
3 * Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» Էդիթ Պրինտ 34
4 * Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» Էդիթ Պրինտ 25
5 *

Հայկ Դեմոյան

«Հայկական ազգային խորհրդանշաններ. զինանշաններ, դրոշներ, պարգևներ»

Երևան 24
6 *

Միխեիլ Սաակաշվիլի

«Ուժերի զարթոնք. Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար»

Տիգրան Մեծ 18
7 * Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» Էդիթ Պրինտ 18
8 *

Արտակ Մովսիսյան

«10 հայ ականավոր արքաներ»

Զանգակ 17
9 * Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» Գիտանք 15
10 *

Սամվել Գևորգյան

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում»

հեղ.հրատ 14

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:


Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]