Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած 
փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորել հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։

ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։

Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների նոր իրավական հենք, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։ 

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]