Ուժուպիսում կբացվի Սահմանադրության հայերեն ցուցատախտակը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, Ուժուպիսում, կբացվի Ուժուպիսի Սահմանադրության հայերեն ցուցատախտակը: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Ուժուպիսի (Գետի այն ափի Հանրապետության) վարչապետ պրն. Սակալաս Գորոդեցկիսի հետ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին պաշտոնապես բացելու ենք Գետի այն ափի Հանրապետության Սահմանադրության հայերեն ցուցատախտակը: Տեքստը թարգմանել է նշանավոր հայ գրող, Լիտվայի և Հայաստանի գրողների միությունների անդամ Վահագն Գրիգորյանը, խմբագրել և իրավաբանական հնչեղություն է հաղորդել Ռուբեն Մելիքյանը: Միջոցառման հիմնական հովանավորն է հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանը, ում մեծապես երախտապարտ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է դեսպանը:
Միջոցառման ընթացքում հանդես կգա Կաունասի Հայրենիք ազգագրական համույթը: Միջոցառմանը կհետևի ընդունելություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում