Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ամառային ընթերցանություն» ծրագրին մասնակցում են Երևանի ու մարզերի երեխաներն ու պատանիները  

«Ամառային ընթերցանություն» ծրագրին մասնակցում են Երևանի ու մարզերի 
երեխաներն ու պատանիները

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկտեղելով հանգիստն ու ընթերցանությունը՝ արդեն 4 տարի իրականացվող «Ամառային ընթերցանություն» ծրագիրը գրական–մշակութային ակտիվ միջավայր է ստեղծում բազում երեխաների ու պատանիների համար: Նախաձեռնության շրջանակում ամռան ամիսներին նրանք հնարավորություն են ստանում կարդալու բազում հետաքրքիր ու ինքնատիպ գրքեր: Արդեն իսկ ժողովրդականություն վայելող ծրագիրն իրականացնում է «Զանգակ» հրատարակչությունը:

«Արմենպրես»-ը զրուցել է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի բովանդակային համակարգող Սոնա Հովհաննիսյանի և «Զանգակ» հրատարակչության մարքեթինգային ծրագրերի համակարգող, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի գլխավոր համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ՝ ծրագրի մասին:

-Ինչպե՞ս ծնվեց «Ամառային ընթերցանություն» ծրագրի իրականացման գաղափարը, ինչպիսի՞ն է ծրագրի կոնցեպտը:

Մարիաննա Աճեմյան - 2014 թվականին «Զանգակ»–ում մի քանի շաբաթ տևած թիմային բուռն քննարկում էր, թե ինչպես անել, որ ամառային արձակուրդին երեխաները կարողանան մեկտեղել հանգիստն ու ընթերցանությունը, թե ինչպես երեխաների համար ստեղծել գրական-մշակութային ակտիվ միջավայր՝ ամառային արձակուրդն  առավել արդյունավետ  ու հետաքրքիր անցկացնելու համար: Եվ ահա այդ քննարկման արդյունքում էլ ծնվեց մանկապատանեկան ծրագրի գաղափարը:   Այնուհետև թիմը սկսեց ակտիվ մշակել ծրագրի ձևաչափը, ընտրվեց ծրագրում ընդգրկվելիք գրքերի ցանկը, և հենց 2014 թվականին  էլ մեկնարկ տվեցինք «Ամառային ընթերցանությանը»: Ծրագիրը տևում է երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, մշտապես ուղեկցվում է գրական տարաբնույթ միջոցառումներով: Ամեն տարի շուրջ 25 գրախանութներում տեղադրվում են տնակ-գրապահարաններ, որտեղ ներկայացվում են անվճար փոխանակման տրվող շուրջ 3 տասնյակ գրքեր: Ծրագրի ավարտից հետո ընտրվում են ակտիվ և լավագույն ընթերցողները, որոնք ստանում են խրախուսական տարբեր մրցանակներ, օրինակ՝լավագույն ընթերցողների շնորհիվ տնակ–գրապահարանները 6 ամսով հյուրընկալվում են նրանց դպրոցներում` ուսումնական տարվա ընթացքում ևս ապահովելով ակտիվ գրական միջավայր:  Ծրագրում առանցքային դեր ունի գրախանութներին աջակցելը՝  ներկայացնելու մանկապատանեկան գրականության նորությունները, հայ և համաշխարհային դասական և ժամանակակից հեղինակներին, ամրապնդելու հրատարակչություն-ընթերցող-գրախանութ կապը`ներկայացնելով գրախանութը  որպես մշակութային և ընտանեկան ժամանցի միջավայր:

- Ինչպիսի՞ն էր արձագանքը ծրագրի մեկնարկին և հիմա:

Մարիաննա Աճեմյան - Դրական արձագանքեցին թե՛ ընթերցողները և թե՛ ծնողները: Այս տարիներին հանդիպել կամ, կարելի է ասել, բացահայտել ենք այնպիսի մասնակիցների, ովքեր ընտանիքով են կարդում գրքերը և նոր միայն փոխանակում,  այսինքն՝«Ամառային ընթերցանությունը» դարձել է  ընտանեկան ժամանցի  մաս:

-Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում «Ամառային ընթերցանություն» ծրագիրը:

Մարիաննա Աճեմյան- Ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս  ամառային արձակուրդն անցկացնել գրական-մշակութային ակտիվ միջավայրում, զարգացնել հաղորդակցական  և վերլուծական ունակություններԸ: Այն նաև նոր ընկերներ ձեռք բերելու անմիջական միջավայր է: Պետք է հավելենք, որ նոր ուսումնական տարին երեխաները սկսում են հարուստ գրական պաշարով, միևնույն ժամանակ պահանջկոտ ու ընթերցասեր աշակերտների կարգավիճակով:

Սոնա Հովհաննիսյան - Երեխաները, իսկապես, ընկերանում են գրական հերոսների հետ, գիրքն ավելի իրական է դառնում և նրանց դարձնում ընթերցասեր: Բացի դա՝ շատ հետաքրքիր և ուրախալի է դիտել, ինչպես են նրանք ծրագրի ընթացքում մտքեր փոխանակում սիրված գրքերից, խորհուրդներ տալիս, թե ինչ կարդալ և այդպիսով ձեռք բերում ընթերցասեր ընկերներ, որոնք կիսում են նույն հետաքրքրությունները:

-Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից:

Մարիաննա Աճեմյան - Մասնակցության պայմանները շատ պարզ են. յուրաքանչյուր այցելու, ծրագրի գործընկեր որևէ գրախանութից ձեռք բերելով ծրագրում ընդգրկված ընդամենը մեկ գիրք, դառնում է ծրագրի մասնակից: Ստանում է ընթերցողի քարտ, որն էլ հնարավորություն է ընձեռում,  անվճար փոխանակելով ծրագրի` տնակ-գրապահարաններում ներկայացված ավելի քան երեք տասնյակ գիրք, կարդալ դրանք:

Ընթերցողն ինքն է որոշում, թե որ պահին մոտենա տնակ-գրապահարանին և կատարի հերթական փոխանակումը՝ սկսելով մի նոր արկածային ճամփորդություն. չկա պարտադրանք, երեխան կարդում է այն գիրքը, որն ուզում է:

-Ի՞նչ գրքեր են ներառված ծրագրում,  և արդյոք ամեն տարի  գրքերի ցանկը փոխվո՞ւմ է: Ինչպե՞ս եք կատարում գրքերի ընտրությունը:

Մարիաննա Աճեմյան - Ծրագրում ներառված են «Զանգակ» հրատարակչության վերջին տարիներին  հրատարակած այն գրքերը, որոնք մեր մասնագետների կարծիքով այդ տարիքի երեխաների հետաքրքրության շրջանակներում են: Ամեն տարի փորձում ենք ծրագիրը համալրել նոր հրատարակություններով. այս տարի ծրագրում ընդգրկված է երեք տասնյակից ավելի գիրք, իսկ ընթացքում կավելանա երկու նոր հրատարակություն` Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» և Քրիստիան Նյոստլինգերի «Պատմություններ ֆրանցի մասին» գրքերը: Ընթերցողներն ունեն  բավականին մեծ ընտրություն. ծրագրի շրջանակում կարող են ընթերցել հայ և համաշխարհային մանկագիրների գրքերը:

- Ովքե՞ր են այս տարվա ծրագրի մասնակիցները, քանի՞սն են նրանք:

Մարիաննա Աճեմյան - Այս պահին ծրագիրն ունի շուրջ 300 մասնակից, որոնք ակտիվ ընթերցում են, փոխանակում և կիսում իրենց կարծիքներն ու տպավորությունները՝ սպասելով մեր հերթական հանդիպմանը: Ուրախալի է, որ ծրագրի մասնակիցների մեջ կան նաև երեխաներ, որոնք դեռևս կարդալ չգիտեն, սակայն ծնողների օգնությամբ ծանոթանում են գրքերին և ակտիվ մասնակցում միջոցառումներին: Այնպես որ, մասնակիցների տարիքային շեմը նշելը մի փոքր բարդ է: Ծրագիրը գործում է Երևան, Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Էջմիածին, Հրազդան, Ստեփանակերտ, Վանաձոր քաղաքներում:

- Ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում ծրագրի շրջանակում:

Սոնա Հովհաննիսյան - Այս տարի ծրագրում ներառված են 18 «գրական արկածներ»: Ամեն տարի փորձում ենք ոչ միայն տարբեր ձևաչափեր ընտրել, ինչպես, օրինակ, գրական հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, շնորհանդեսներ, ստեղծագործական ընթերցումներ, այլև ներառել բոլորովին նոր թեմաներ: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ–ի հետ  նախաձեռնեցինք մեզ համար մի շատ կարևոր միջոցառում, որի ժամանակ կխոսենք երեխաների իրավունքների մասին: Ամենաակտիվ և սիրված միջոցառումներից է «Ջրային ընթերցանությունը» Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ: Մեզ է միանալու նաև իտալացի մկնիկ հրատարակիչ Ջերոնիմո Ստիլտոնը, որի հետ հետաքրքիր հանդիպում է սպասում երեխաներին: Այս տարի նախատեսել ենք լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպել մեկ միջոցառում` հույս ունենալով հետագայում ավելացնել դրանց քանակը: Եվ դեռ ընթացքում բազմաթիվ անակնկալներ են սպասում երեխաներին և, ինչու չէ, նաև մեզ:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am