Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Գայանե»-ն Մեծ թատրոնի բեմում. Արմեն Գրիգորյանն ու հայկական բալետի թռիչքը  


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բալետը որակական առումով շատ բարձր մակարդակ ունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը: Վերջինս թատրոնում աշխատել է 1980-ականներից, արդեն 11 ամիս է՝ ղեկավարում է բալետային խումբը: Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք օպերային թատրոնում վերջերս անցկացված բալետային փառատոնի, Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում «Գայանե»-ն ներկայացնելու և հայկական բալետի ներկայիս թռիչքի մասին:

Արամ Խաչատրյանին նվիրված բալետային փառատոն

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց բալետի փառատոն: Պետք է ասեմ, որ մեծ միջոցառում էր: Մեր թատրոնն աշխարհի եզակի թատրոններից է, որ ունի բեմադրված Արամ Խաչատրյանի երեք բալետ՝ «Սպարտակ»-ը, «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը: «Սպարտակ»-ը Գրիգորովիչի բեմադրությունն է, հրաշք աշխատանք է, մինչև այսօր շատ բալետմեյստերներ օգտվում են հենց այդ բեմադրությունից: «Գայանե»-ն ևս հրաշք բեմադրություն է: Այն բեմադրել է Վիլեն Գալստյանը: Բազմիցս արտերկիր ենք տարել այս բալետը. հունվարին Մալայզիայում է ներկայացվել: Կանգնած ծափահարում էին: «Դիմակահանդես»-ը ևս հաջողված ներկայացում է, բեմադրությունը կրկին Վիլեն Գալստյանինն է:

«Գայանե»-ն՝ մոսկովյան Մեծ թատրոնի բեմում

Հուլիսի 24-ին Մեծ թատրոն ենք տանելու «Գայանե» բալետը: Լավագույն պարողներն են այնտեղ ներկայացնելու այն: Ամեն թատրոն չէ, որ կարող է ներկայացում ցուցադրել Մեծ թատրոնում: Հայաստանի համար սա առաջին հերթին մեծ պատիվ է: Միանշանակ, բեմադրությունում հանդես են գալու օպերային թատրոնի լավագույն պարողները, բայց ժամանակ է պետք, որ ընտրեմ արտիստներին:

Պետք է նշել, որ օպերային թատրոնում ունենք հրաշալի արտիստներ՝ Մերի Հովհաննիսյան, Սյուզի Փիրումյան, Սոնա Վարդանյան, Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան, Վահագն Մարգարյան, Ռազմիկ Մարուքյան…Թատրոնում ունենք համաշխարհային կատեգորիայի պարողներ: Եվ ես չեմ չափազանցում:

50-ից ավելի տղա պարողներ ունենք եվրոպական լավագույն թատրոններում: Ասենք՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Ասիայում՝ Չինաստանում, Ճապոնիայում:

Հայկական բալետի վերելքը

Մեր բալետն այսօր որակական առումով շատ բարձր մակարդակ ունի: Սա միայն իմ խոսքը չէ: Այս փաստի վկայությունն, առաջնահերթ, հանդիսատեսի ծափողջույններն են: Բացի դրանից, արտասահմանում միաբերան ասում են, որ մեր բալետը եվրոպական մակարդակի է:

Բալետի ապագան պայծառ է: Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ կային, որ բալետ չունենք: Չկա նման բան: Շատ լավ բալետ ունենք, շատ լավ ներուժով, միայն պետք է ճիշտ աշխատել:

Վատ ներկայացում ես ցուցադրում, հանդիսատեսը չի գալիս, և այդպիսով հանդիսատեսին էլ ես կորցնում: Հիմա, օրինակ, բալետային ներկայացումներին ասեղ գցելու տեղ չկա:

Բալետի պարողների հաղթարշավը

Բոլորովին վերջերս թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը Լատվիայում անցկացված բալետային միջազգային մրցույթում 2-րդ մրցանակի արժանացավ: 1-ին մրցանակ ընդհանրապես չի շնորհվել: Ռազմիկ Մարուքյանն էլ մրցանակով վերադարձավ ԱՄՆ-ից: Ջեքսոն քաղաքում անցկացված բալետային մրցույթում ստացավ ժյուրիի մրցանակ: Իսկ Րաֆֆի Գալստյանը Տալլինի միջազգային բալետային մրցույթում արժանացավ 3-րդ մրցանակին:

Ոլորտի կարևոր խնդիր

Թիվ մեկ խնդիրը ֆինանսականն է: Եթե լինեն ֆինանսներ, կլինեն նոր ներկայացումներ: Ամեն ինչ կա՝ թե՛ բեմադրող, թե՛ կատարող, թե՛ աշխատեցնող: Միայն ֆինանսներ չկան: Որևէ մեկին չեմ մեղադրում, հասկանում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մենք էլ եղած ներկայացումները փայփայում ու պահպանում ենք:

Ասեմ, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շատ է մտածում թատրոնի մասին և շատ լավ բաներ է անում: Օրինակ՝ մենք այսօր Չինաստանից նվեր բալետային հագուստ ստացանք միայն Օրբելյանի անձնական կապերի ու պատրաստակամության շնորհիվ: Ամեն ինչ անում է թատրոնի համար, նրանից «չէ» բառը դեռ չեմ լսել:

«Կարապի լիճ»-ը՝ երազանքի ներկայացում

Հենց հիմա «Շչելկունչիկ» բալետն ենք փորձում, ուզում ենք ներկայացնել համերգային կատարմամբ: Ֆինանսական հնարավորություն չունենք, միայն երկրորդ գործողությունն ենք ամբողջությամբ ներկայացնելու: Դրան զուգահեռ՝ «Կարմեն» օպերա պարերն եմ բեմադրում: Եթե լինի ֆինանսավորում՝ առաջինը «Կարապի լիճ» կցանկանամ բեմադրել, ինչպես նաև՝ «Շչելկունչիկ»:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ