Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Թևան Պողոսյանը Հայաստանի համար ամենակարևոր երկրներ համարում է 4 հարևաններին


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյան Հայաստանի համար ամենակարևոր երկրներ է համարում հարևան 4 պետություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թևան Պողոսյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝  անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ինչո՞ւ են այդքան ուշադրություն կենտրոնացնում  Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումների վրա:  Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենակարևոր պետություններն են հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

«Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի ազգային անվտանգության համար մեկ մարտահրավերներն են՝ դրական կամ բացասական նշաններով: Նրանցից մեկի հետ պետք է աշխատել ճանապարհները բացելու տեսանկյունից, մյուսի ճնշումներին դիմակայել, մյուսի հետ զարգացնել հարաբերությունները և այլն: Այն ինչ կատարվում է Թուրքիայում,  մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, այլ հարևանության առումով, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենալու տարածաշրջանում, քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանային խոշոր խաղացող:  Մենք պետք է տիրապետենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչի մաս է հանդիսանում նաև Թուրքիան: Հետևելը Թուրքիային, թե ինչ է կտատարվում այնտեղ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ազգային տեսանկյուններից, մեզ համար պարտավորություն է և պետք է դառնա համապատասխան պետական մարմինների ուղղակի ամենօրյա աշխատանք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամեն բան կարգավորել իր օրակագին համապատասխան,  մշակի սցենարներ Թուրքիայում տեղի ունենալիք տարբեր զարգացումների պարագայում: «Պարզ է, որ Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք Երևանում կլինեն, նախապես քննարկել է Թուրքիայի հետ: Թուրքիան փորձելու է պայքարել իսլամական աշխարհի «մաչո»-ի կոչման համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ենք ունենալու Թուրքիայի քաղաքականության առումով: Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ մի օր լավ է, մի օր վատ, պետք է հասկանանք, ոնց անենք, որ այդ ամենը մեր հաշվին չլինի: Նույնն ԱՄՆ-ի հետ է, պետք է հասկանալ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները: Եթե մենք չունենանք մշակված սցենարներ և քայլեր, լինելու ենք պատասխանողի դերում»,-շեշտեց Թևան Պողոսյանը:

Նա հիշեցրեց, թե, որ երկրի նախագահն է ընտրվելու կապակցությամբ առաջինը շնորհավորել Էրդողանին: «Մենք չպետք է մոռանանք, թե ով առաջինը շնորհավորեց Էրդողանին, ինչը նշանակում է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմում կարող են նոր զարգացումներ լինել»,-հիշեցրեց Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը միտված նախորդ նախաձեռնություններից պետք է դասեր քաղել: «Անցյալում ֆուտբոլային դիվանագիտությունը և այլ շատ նախաձեռնություններ են ձեռնարկվել, սակայն երբ խոսում ենք անցյալի մասին, դրանք պետք է ուսումնասիրության ենթարկվեն համապատասխան մասնագետների կողմից և ծառայեն որպես դասագրքային ուղեցույց, որը թույլ չի տա որպեսզի կրկնվեն անցյալի սխալները»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով, թուրքական խորհրդարանում Գարո Փայլանի առկայությանը, Պողոսյանը նշեց, որ դա լավ է, բայց մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք:

«Մենք պետք է սովորենք, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ քո շահերը դու ես առաջ տանում: Մենք չպետք է մեծ հույսեր ձևավորենք, որ մեծ հիասթափությունների առջև չկանգնենք: Լավ է, որ Փայլանը թուրքական խորհրդարանում է, բայց պետք չէ մեծ հույեր ունենալ, մենք պետք է մեր շահերի շրջանակը ձևավորենք, որ Թուրքիան ինքը գնա հայ-թուրքական խնդրի կարգավորմանը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ