Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընթերցողների դատին հանձնվեց Թովմա քահանայի «Մայկոպյան օրագիր» բանաստեղծությունների ժողովածուն

Ընթերցողների դատին հանձնվեց Թովմա քահանայի «Մայկոպյան օրագիր» 
բանաստեղծությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թովմա քահանայի «Մայկոպյան օրագիր» գրքում զետեղված բանաստեղծությունները գրվել են հեղինակի ՌԴ-ի Ադիգեայի Հանրապետությունում քահանայական ծառայության տարիներին: Այդտեղ նա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվն էր: Թովմա քահանայի (բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյան) խնամքի տակ էր երկու եկեղեցի` Մայկոպի Ս. Հարությունը և Պրոլետարսկի խուտորի Ս. Հարությունը:

Ժողովածուի շնորհանդեսը կայացավ հունիսի 26-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գրքում ներկայացվում է Մայկոպ քաղաքն իր պատմությամբ, շողարձակումներով, իր ներկայով, իր պոետական անտեսանելի պատկերներով: Ամենակարևորը Վահան Անդրեասյանի հայացքն է: Նա այդ ամենը պատկերել է հետաքրքիր, ազատ բանատողերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ վաղուց է հետևում բանաստեղծի ստեղծագործական կյանքին ու պետք է փաստի, որ վերջինիս գործերի հիմքում նոր դիտարկումներ կան, հետաքրքիր անցումներ, անսպասելի պարադոքսալ տողեր:

Բանաստեղծ Արևշատ Ավագյանի խոսքով` իրեն ուրախացնում է այն հանգամանքը, որ Թովմա քահանան աշխարհը տեսնում է բանաստեղծական խոսքով, մեղեդիով, և նրա ստեղծագործություններում նկատելի են գույներ, նրբերանգներ, ինքնատիպ գծեր, որոնք հատկապես վառ են արտահայտված «Մայկոպյան օրագիր» ժողովածուում:

«Հետաքրքիր է, որ իր հոգևոր ծառայության ընթացքում նա կարողացել է նայել շուրջն ու տեսնել ամեն բան` գեղեցիկ բնությունը, եկեղեցիները»,-ասաց Ավագյանը:

Թովմա քահանան նշեց, որ ստեծագործելիս իրեն ամեն բան ոգեշնչում է: Նա գրքում ներառել է «Ռուսական պանդոկ», «Նավամատույց», «Երկու օրիորդ», «Առնետը» և այլ գործեր, որոնք ընթերցելով հնարավոր է պատկերացում կազմել Մայկոպի անցուդարձի, նիստուկացի մասին: Հեղինակը խոստովանեց, որ այնտեղի բնակիչներից միայն իր դպիր Կարեն Ղևոնդյանի համար է ընթերցել հենց նրան նվիրված «Առնետը» բանաստեղծությունը:

Վահան Անդրեասյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Ուսումնասիրել է տաղաչափություն, երաժշտական հարմոնիա, կոմպոզիցիա։ Աշխատել է մի շարք թատրոններում (Հ. Մալյանի անվան, Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Մոսկվայի «Առլեկին»), ազգային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Հեղինակ է բազմաթիվ երգերի, գործիքային ստեղծագործությունների, թատերական երաժշտության, հեռուստաֆիլմերի, ներկայացումների, ռադիոբեմադրությունների։ Երգերի տեքստեր է գրել տարբեր երգահանների համար (Ա. Գրիգորյան, Ա. Ջանիբեկյան, Ա. Սարյան, Լ. Մանսուրյան և ուրիշներ)։

Ավարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանը։
Սուրբ Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, ապա Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ քահանա և ստացել տեր Թովմա հոգևոր անունը։
Նրա ստեղծագործությունները տպագրվում են գրական մամուլում։ Թարգմանվել է ֆրանսերեն (Վահե Գոդելի թարգմանությամբ) և տպագրվել Փարիզում։

Հայտնի երկերից են` «Գիտակցության ստերեոտիպներ», «Ասպետական օրագիր կամ պատերազմ, դարձյալ պատերազմ» և այլ գործեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]