Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

«Ադրբեջանի գործողությունները նման են զինվորիկների խաղի». Ալեքսանդր Իսկանդարյան


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, ինչ տեղի է ունենում Արցախի սահմանին, նորություն չէ: Ադրբեջանը կազանյան գործընթացից սկսած ստրատեգիական որոշում է կայացրել խաղաղ բանակցությունները համադրել հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու հետ: Հունիսի 26-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  

«Սա նման է զինվորիկների խաղի: Այն զորահանդեսի համար, որն այս պահին տեղի է ունենում ադրբեջանական կողմից սահմանի ողջ երկայնքով, հատուկ ներքաշվել են այնպիսի զինատեսակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գնվել են հենց նման PR-ի համար»,- ասում է Իսկանդարյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քաղաքագետը հավանական չի համարում, որ ադրբեջանական կողմը լայնածավալ պատերազմ կսկսի, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը ուշադիր հետևում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին ու, հնարավոր է, փոքր քայլեր ձեռնարկի:

«Մեծածավալ պատերազմի վերսկսումը բացառում եմ, որովհետև Ադրբեջանն այդ գործողություններից մեծ ձեռքբերումներ ունենալ չի կարող: Բայց ակնհայտ է, որ զորքերի առաջխաղացում ու զինված ուժերի վերադասավորում է տեղի ունենում, որն այս իրավիճակում լրիվ տրամաբանական է»,- նշում է Իսկանդարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ֆեյսբուքում» քաղաքացիներ հարցերին պատասխանելիս, նույնպես նշել էր, որ ադրբեջանական կողմն ակտիվություն ցուցաբերում է, սակայն իրավիճակը վերահսկելի է ու համեմատաբար հանգիստ:

Ինչ վերաբերում է վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի՝ լրատվամիջոցներում շրջանառվող այն հայտարարությունը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ղարաբաղյան հարցով հատուկ բանագնաց, Իսկանդարյանն այս պահին իրատեսական չի համարում:

«Միջազգային փորձում բազմաթիվ դեպքեր կան, երբ պաշտոնաթող քաղաքական գործիչները բանակցային գործընթացներում լուրջ դերեր են ստանձնում, սակայն Սերժ Սարգսյանի ներքաշումը բանակցային գործընթաց այս պահին իրատեսական չեմ համարում. հնարավոր է՝ դա տեղի ունենա տարիներ անց»,- նշում է Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացն այնպիսի վիճակում է, որ որևէ մեկի անձը չի կարող լուրջ փոփոխությունների հանգեցնել:

Նորայր Շողիկյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ