Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Վերապատրաստված ուսուցիչները պահանջում են տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի տրամադրում


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դպրոցներում «Տեխնոլոգիա» առարկայում փորձնական ներդրված «Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչներից ոմանց 2-4 դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան ուսուցանելու դասաժամեր չեն տրամադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերապատրաստված ուսուցիչների փոխարեն առարկան անց են կացնում տարրական դասարանների դասղեկները:

Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում նաև Երևանի տարբեր դպրոցների ուսուցիչներ բողոքներ ունեն այդ փաստի առթիվ և հունիսի 25-ին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք բարձրաձայնեցին այդ և այլ հարցեր:

Երևանի թիվ 164 հիմնական դպրոցի «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչ Անուշ Կնյազյանն ընդգծեց, որ ինքը վերապատրաստում է անցել 2017 թվականին, սակայն այժմ նրան չեն տրամադրում դասաժամեր 2-4 դասարաններում տվյալ առարկան դասավանդելու համար:

«Մեր երկրում կան դպրոցներ, որտեղ տարրական դասարաններում հենց մասնագետներն են դասավանդում այս առարկան, սակայն կա նաև հակառակը, այսինքն՝ դասղեկներն են դասավանդում: Եթե կա օրենք, կարծում եմ, որ բոլոր դպրոցները պետք է ենթարկվեն դրան: Ես ծրագրի շրջանակում վերապատրաստվել եմ, սակայն ոչ մի օր չեմ դասավանդել 2-4 դասարաններում: Այդ դեպքում, ինչո՞ւ է ինձ վրա գումար ծախսվել ու ինձ ուղարկել են վերապատրաստման»,- նշեց դպրոցի ուսուցչուհին և ցանկություն հայտնեց բոլոր դպրոցներին հավասար պայմաններում տեսնել: 

Այլ ուսուցիչներ նույնպես այս հարցը բարձրաձայնեցին և բողոքեցին, որ իրենք և համալսարանում են համապատասխան կրթություն ստացել, և ծրագրի շրջանակում վերապատրաստվել են, հետևաբար հենց իրենք պետք է այդ առարկան դասավանդեն:

Ի պատասխան հնչած բողոքների՝ ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ այս հարցին շատ ծանոթ չէ, քանի որ իր համար առաջին բողոքն է, և հարցը պետք է մանրակրկիտ քննարկվի:

«Առաջիկայում այս հարցն անպայման կքննարկվի: Կփորձենք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որպեսզի հարցը լուծում ստանա, բայց պետք է հասկանալ նաև, թե ինչի համար են դպրոցներում տնօրեններն այդպես բաշխում դասաժամերը»,- շեշտեց նախարարը:

ՀՀ բոլոր մարզերը  և Երևանը ներկայացնող «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քանի 130 ուսուցիչ 2017 թվականին մասնակցել է «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին և 2017-2018 ուստարում իրականացրել են այդ ծրագրի փորձարկումը:

 

Լիլիթ Դեմուրյան

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ