Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին

Էրդողանն օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը. հայ թուրքագետներն 
անդրադարձել են Թուրքիայի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դրանցից են ընդդիմությանը քաղաքական մոբիլություն ցուցաբերելու հնարավորությունից զրկելը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի միանձնյա իշխանությունն օրինականացնելը:

Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդպմանը խոսեցին թուրքագետներ Վարուժան Գեղամյանն ու Հակոբ Չաքրյանը:

«Արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր պատճառներ կան: Դրանք են վերջին երկու տարում Թուրքիայում արձանագրված տնտեսական համեմատաբար բարձր ցուցանիշներից օգտվելը` հասարակությանը համոզելով, որ գործող իշխանությունները չեն կորցրել իրենց գլխավոր խաղաքարտը, այն է` տնտեսական առաջընթաց ապահովել Թուրքիայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գեղամյանը:

Նրա խոսքով` կարևոր պատճառներից է ընդդիմությանը քաղաքական մոբիլություն ցուցաբերելու հնարավորությունից զրկելը, որ այն չհասցնի ինքնակազմակերպվել և Էրդողանին արժանի հակառակորդի առաջադրել:

Հակոբ Չաքրյանը շեշտեց, որ 2014 թվականին, երբ Էրդողանն ընտրվել է Թուրքիայի նախագահ, միանձնյա կառավարում է երկիրը և որևէ մրցակից չունի: «Փաստորեն երկրի ղեկավարման խորհրդարանական համակարգից անցում կատարելով նախագահական համակարգի` նա օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը:

Էրդողանը բավականին խարիզմատիկ անձնավորություն է, չի սիրում զիջումների գնալ, հաճախ սանձարձակ է: Դրանով հանդեձ հաղթեց` ստանալով ընդհանուր ձայների ավելի քան 52  տոկոսը: Նրա կուսակցության ձայները նվազեցին մինչև 44 տոկոս: Հիմա նրա  պատգամավորների թիվը 293 է 600 տեղ ունեցող խորհրդարանում»,-ընդգծեց թուրքագետը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել է քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]