1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմավիրում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրությունը. գյուղնախարարը հետևել է արտադրության ընթացքին

Արմավիրում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի 
արտադրությունը. գյուղնախարարը հետևել է արտադրության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած Աղավնատուն համայնքում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու բողոքները: Զրույցին մասնակցում էին նաև հարևան Ամբերդ, Լեռնամերձ և Արագած համայնքների բնակիչները, որոնք ևս իրենց կարծիքներն ու հույզերն են արտահայտել շոշափվող խնդիրների շուրջ:

 Մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը համառոտ տեղեկացրել է վերջին շրջանում մարզում տեղացած կարկուտի դեպքերի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ:

Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքը մարզում գրանցվել է մայիսի 8-ին և շարունակաբար մարզում կարկտաբեր պրոցեսներ են եղել, մինչև հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են մարզի 25 համայնքների` շուրջ 1100 հա հողատարածքներով:

«Հունիսի 20-ին տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են մարզի 9 համայնքներ, որի պատճառով 1440 հա հողատարածություններ վնասվել են 30-100 տոկոսով» - նշել է նա, հավելելով, որ կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը:

Այս համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացել է, որ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափերը. «Պետք է հաշվարկենք ամբողջ հանրապետությունում որքան վնաս է կրել գյուղատնտեսությունը բնական աղետներից, այնուհետև հաշվի առնելով պետության  հնարավորությունները՝ հասկանանք, ինչ չափով կարող ենք օգնել մեր գյուղացիներին», - նշել է նախարարը:

Ընդգծելով, որ ամբողջ հանրապետության տարածքում առկա է արդյունավետ հակակարկտային համակարգի ներդրման անհրաժեշտություն՝ նախարար Արթուր Խաչատրյանը ֆերմերներին տեղեկացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույթների սուբսիդավորման ծրագրի մասին։

Նախարարն այցելել է նաև Արմավիր քաղաքում տեղակայված «Բարիք-Պ» ՓԲԸ-ի սառնարանային տնտեսություն: Ընկերության գործադիր տնօրեն Պողոս Զաքարյանը նշել է, որ ներկայումս այստեղ իրականացվում է տարատեսակ մրգերի և բանջարեղենի նախնական սառեցում` հետագայում այն արտահանելու նպատակով: Բացի սառեցման ծառայությունների մատուցումից, ընկերությունը կազմակերպում է նաև սեփական արտադրանքի արտահանումներ` հիմնականում դեպի ռուսաստանյան և եվրոպական շուկա:

Պողոս Զաքարյանը նաև նշել է, որ գործունեության ընդլայնման նպատակով պատրաստվում է օգտվել լիզինգային նոր ծրագրից, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն իր կողմից շեշտել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լիզինգային եղանակով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա և սարքավորում, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը և հավելյալ արժեք ապահովել: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում:

Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Հացիկ համայնքի այգիներ, որտեղ հետևել է ծիրանի բերքահավաքին և մթերման աշխատանքներին, զորւցել գյուղացիների, ինչպես նաև արտահանում իրականացնող ընկերությունների և վարորդների հետ։ Համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը նշել է, որ թեև այստեղ ծիրանի բերքի արտադրության ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն արդեն իսկ ակնակվում է, որ այս տարվա բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը մոտ 30-40 տոկոսով, ընդ որում, միայն ծիրանի բերքը կկազմի շուրջ 5-6 հազար տոննա:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին խոսքով, մարզում ծիրանի մթերման աշխատանքները մոտենում են ավարտին, սպառումը նորմալ իրականացվում է, իսկ բերքի ծավալը բավականին գոհացուցիչ է:

Այցի շրջանակում նախարար Արթուր Խաչատրյանը եղել է նաև Լեռնագոգ համայնքի «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ իրենց մոտ մթերումներն  ընթանում են սահուն, առանց խնդիրների, ընկերությունը մթերման պարտքեր չունի:

Արտամետ համայնքում նախարարը ծանոթացել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել մոտ 650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից շուրջ 450 հեկտարի վրա հիմնվել են պիստակի ինտենսիվ այգիներ, իսկ մնացած հողատարածքներում մշակվելու է ընկույզ, ունաբ և ծորենի (բարբարիս): Հիմնված այգին ամբողջական բերքին կանցնի 6-րդ տարում: «Հայաստանի բնակլիմայական պայմաններում և այս հողի պարագայում մենք նախատեսում ենք տարեկան 3-4 տոննա պիստակի բերք ստանալ», - նշել է ընկերության գլխավոր ագրոնոմ Կամո Իսկանդարյանը և ընդգծել, որ Հայաստանում պիստակի արտադրությունը չափազանց շահավետ է

Շրջայցի ընթացքում նախարար Արթուր Խաչատրյանը նույնպես կարևորել է բարձրարժեք ու Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ու ագրոբիզնեսի կազմակերպումը. «Մենք պետք է հասկանանք, որ մշակաբույսերը կարող են գյուղի, գյուղացու համար ավելի բարձր եկամտաբերություն ապահովել, որովհետև համաշխարհային պահանջներն են փոխվում, մրցակցությունն է փոխվում, և մենք ինքներս ժամանակի պահանջներին պետք է համաքայլ ընթանանք»: 

Նախքան պիստակի այգիների հիմնումն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ:       

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Տալվորիկ համայնքում գործող «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ընկերությունում, որը հիմնադրվել է 2016 թվականին արդեն գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների հիման վրա: Այստեղ մոտ 280 հա տարածքի վրա մշակվում են տարբեր մշակաբույսեր, մասնավորապես՝ ծնեբեկ և սեխ: Բացի այդ, այստեղ կան նաև ծիրանի, կեռասի, սալորի այգիներ: Ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Աղայանի տեղեկացմամբ՝ այստեղի արտադրանքն իրացվում է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում, Ռուսաստանում և Քաթարում, սակայն ընկերությունը նպատակ ունի ընդարձակվել Պարսից ծոցի երկրներում, իսկ հետագայում՝ նաև եվրոպական երկրներում: «Մենք դեռևս գտնվում ենք այն փուլում, երբ փորձում ենք բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ծնեբեկի արտադրության ամբողջ պոտենցիալը, դա բավական երկարաժամկետ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք է: Մեր կարծիքով, մոտակա մեկ-երկու տարվա մեջ  մենք կունենանք արդեն պատասխանը, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի պայմաններին», - նշել է Նորայր Աղայանը:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր հերթին հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես, պիստակի և ծնեբեկի մշակումը կարող է հետագայում օրինակելի դառնալ նաև այլ մարզերի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մշակաբույսերը շատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից:

Անդրադառնալով մարզում  հաճախ գրանցվող կարկտահարության դեպքերին՝ մարզպետը նշել է, որ կարկտահարության վնասները նվազեցնելու նպատակով մշակվում են զանազան ծրագրեր: «Դա բավականին լուրջ պրոբլեմ է մարզի համար և մենք այս պահի դրությամբ մի քանի լուծումներ ենք փորձում առաջարկել», - նշել է Գագիկ Միրիջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]