Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը

Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի 
հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները մեքենաներով փակել են գյուղ մտնող հիմնական ու միջհամայնքային ճանապարհները: Նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Մանվել Գրիգորյանի ծննդավայրում արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն այսօր վերածվել են մարդաշատ ցույցի:

Արշալույսի բնակիչները նշում են գյուղապետի ընտանիքի կողմից իրենց գույքի հափշտակման դեպքերի մասին: Նրանց խոսքով` Զարզանդ Գրիգորյանի 10-ամյա պաշտոնավարման ընթացքում և դրանից առաջ իրենք բազմաթիվ անօրինությունների են բախվել: «Հիմա ժողովուրդը ցանկանում է ազատ ապրել, մենք էլ եկել ենք մեր ձայնը բարձրացնելու: Գյուղապետին ուղղելու բազմաթիվ հարցեր ունենք ու նրան հրավիրել ենք այստեղ, որպեսզի դրանց պատասխանները ստանանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ակցիայի կազմակերպիչները:

Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ մասնակիցների հետ հանդիպել չի պատրաստվում, սակայն վաղը 18:00-ին իր կողմնակիցների հետ հանրահավաք կկազմակերպի Արշալույս գյուղի հրապարակում:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]