Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը 
ներգաղթի մտադրություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հայերը մտածում են տուն վերադառնալու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեդիա կենտրոնում հունիսի 22-ին կայացած հարցազրույց-ասուլիսին այս մասին ասաց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Նա վերադառնալու ցանկություն ունեցողներին երկու խմբի բաժանեց` մարդիկ, ովքեր  հոգեբանորեն շատ կապված են մնացել հայրենիքին, բայց ինչ-ինչ պատճառներով գաղթել են  Ամերիկա, և մարդիկ, ովքեր անապահով են, օրինակ՝ Հարավային Կալիֆորնիայում ապրող հայերը, որտեղ կյանքը շատ է թանկացել: «Ամերիկայի հայերն ամեն օր հետևում են նորություններին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում հայրենիքում, ինչպես նաև ակնկալելով նոր բացահայտումներ»,-ասաց Սինանյանը:

Նրա խոսքով`մարդկանց մի խումբ կա, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք և որոշել են հաստատվել այստեղ: «Բիզնես միջավայրը ևս հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու պահանջարկով»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ովքեր Հայաստան են գալիս իրենց հանգիստն անցկացնելու նպատակով, Սինանյանը նշեց, որ նրանք մի շարք խնդիրների են բախվում այստեղ: «Նախ՝ Ամերիկայից Հայաստան հասնելը բավական թանկ հաճույք է, այստեղ չկան էլեկտրոնային պորտալներ հեռախոսների համար նախատեսված, որպեսզի, օրինակ, ԱՄՆ Վերմոնտ նահանգից Հայաստան եկող զբոսաշրջիկը կարողանա կողմնորոշվել տեղանքում, ինֆորմացիոն վակուում կա»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ տեղափոխվողներին՝ Գլենդելի քաղաքապետը հավելեց, որ շատ հաճախ մարդիկ բախվում են աշխատանք ունենալու խնդրի հետ: «Մարդու կրթությունն ու աշխատանքային փորձը շատ դեպքերում չեն հետաքրքրում տեղի գործատուներին, և մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ սկսել զրոյից»,-ընդգծեց բանախոսը:

2018 ապրիլի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Զարեհ Սինանյանը զբաղեցնում է 2-րդ անգամ։ Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ է ընտրվել 2013թ-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am