Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի 
աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և ներդրումային գրավչություններին անդրադարձել են մի շարք առաջատար չինական լրատվամիջոցներ, ինչպիսիք են Xinhua News գործակալությունը, China Daily-ն և Тa Kung Pao պարբերականը: Տպագրված հոդվածներում չինական լրատվամիջոցները նշում են, որ ներդրումների նոր ուղղություններ փնտրող չինացի գործարարների համար Հայաստանը լավ ընտրություն կարող է լինել: Նշվում է նաև, որ, ունենալով փոքր ներքին շուկա, Հայաստանը գործարարների համար դուռ է բացում դեպի ԵԱՏՄ լայն շուկա՝ միաժամանակ օգտվելով նաև GSP և GSP+ ռեժիմներով պայմանավորված արտոնյալ հնարավորություններից: Հարցազրույցներում և հոդվածներում անդրադարձ է կատարվում Հայաստանից դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա արտահանման հնարավորություններին, ինչպես նաև չինացի ներդրողների համար «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հեռանկարին:

«Արմենպրես»-ն այդ առիթով զրուցել է Հրանտ Աբաջյանի հետ:

-Պարոն Աբաջյան, ի՞նչ են տալիս նմանօրինակ միջոցառումներն ու դրանց արձագանքները մամուլում Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից:

-Չինաստանի պետական և մասնավոր հաստատությունները պարբերաբար ձեռնամուխ են լինում նման միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, շնորհադեսների կազմակերպմանը՝ դիտարկելով դրանք երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի բարելավման արդյունավետ հարթակ: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է նմանատիպ ձևաչափերում, որտեղ մենք ներկայացնում ենք թե՛ տնտեսական ներուժը, թե՛ Հայաստանի աճող տնտեսական ցուցանիշները, և թե՛ առկա ներդրումային ծրագրերը: Այսպիսի միջոցառումների ընթացքում սովորաբար անդրադառնում ենք նաև զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները, չինացի զբոսաշրջիկների համար մուտքի արտոնյալ պայմանները և նրանց հետաքրքրող զբոսաշրջային ենթաուղղությունները:

Ինչ վերաբերում է տպագրված հոդվածներին, ապա դրանք լավ հնարավորություն են բարձրացնելու Հայաստանի ճանաչելիությունը չինական շուկայում՝ ներկայացնելով Հայաստանը որպես գրավիչ ներդրումային միջավայր, քանի որ այդ լրատվամիջոցներն ունեն ահռելի լսարան: Չինական գործարար շրջանակներում և Չինաստանում ընդհանրապես մեր հիմնական խնդիրներից է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը: Ներկայում Չինաստանում առկա է ներդրումներ իրականացնելու մեծ ներուժ և համապատասխան ռեսուրսներ, Չինաստանը օր օրի տնտեսապես ավելի բաց և հասանելի է դառնում արտաքին շուկաների համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում լայն հնարավորություններ են բացվում հայ-չինական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսպիսով, չինական կազմակերպությունները և անհատ գործարարները պատրաստակամ են օտարերկրյա ներդրումներ կատարել հատկապես արդեն նշածս ծրագրում ընդգրկված երկրներում: Այդ իսկ պատճառով, վերը նշված հրապարակումները վստահաբար կնպաստեն չինական բիզնես շրջանակներում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը և երկրի տնտեսական հնարավորությունների պատշաճ ներկայացմանը:

՞ր ոլորտներն են չինացի գործարարների հետաքրքրության առանցքում:

-Չինացի գործարարները սովորաբար առավելապես հետաքրքրված են վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտների հեռանկարային ներդրումային ծրագրերով: Տարբեր ձևաչափերում նրանց հետ հանդիպումներից և քննարկումներից կարող եմ եզրակացնել նաև, որ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, քանի որ այն նաև իրանական շուկա մուտք գործելու նոր և գրավիչ տարբերակ է: Չինացի գործարարներին հաճախ հուզում է ներդրումների պաշտպանվածության խնդիրը, ինչին ի պատասխան՝ մենք ներկայացնում ենք Հայաստանի՝ ներդրումների պաշտպանության լայն և ապահով մեխանիզմները:

-Չինաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից է՝ հաշվի առնելով այն կշիռը, որ զբաղեցնում է այդ երկիրը երկկողմ առևտրաշրջանառության մեջ: Ո՞ր ապրանքատեսակների մասով է Հայաստանը գրավիչ Չինաստանի համար:

-Առայժմ ամփոփված են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների 2018 թվականի առաջին չորս ամիսների տվյալները: Այպիսով, այդ ժամանակահատվածում գրանցել ենք առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Եթե առևտրաշրջանառությունը դիտարկենք առանձին ապրանքների տեսանկյունից, ապա Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ծավալի հիմնական մասը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին: Սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ 2017թ. զգալի աճ է գրանցվել գինու և ալկոհոլային այլ խմիչքների՝ դեպի Չինաստան արտահանման ծավալներում՝ 2016-ի համեմատ: Որոշ առանձին ապրանքատեսակներում անգամ բազմակի աճի ենք ականատես լինում, օրինակ խաղողի գինու դեպքում գրանցվել է 5.8 անգամ աճ: Հիմնական արտահանման ապրանքների շարքում են նաև թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը:

Հատկանշական է, որ հունիսի 15-18-ը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Ցինտաո քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության հրավերով մասնակցում էր ՇՀԿ ներկրման ցուցահանդեսին: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում իր հաստատուն տեղն են զբաղեցրել գինին և ալկոհոլային խմիչքները, որոնք իրենց համային և որակական հատկանիշներով կարող են մրցունակ լինել և հետաքրքրել չինացի սպառողին: Այս տեսանկյունից ցուցահանդեսը շատ արդյունավետ էր՝ էլ ավելի ճանաչելի դարձնելու հայկական գինին այս մեծ շուկայում: Պետք է ուրախությամբ հայտնեմ, որ մեր հայկական տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրություն և աշխուժություն էր նկատվում: Մենք հանդես եկանք նաև գինու զբոսաշրջության ամբողջական և համակողմանի ցուցադրությամբ: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը:

Չինական շուկայում հայկական արտադրության ապրանքների, այդ թվում՝ գինու ճանաչելիության բարձրացման և իրացման նպատակին է ծառայում նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցության նորարարական կենտրոնի շրջանակներում գործող Հայաստանի համագործակցության գրասենյակը, որը գտնվում է հենց այս քաղաքում:

-Հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով առաջիկա ի՞նչ ծրագրեր կան:

-Չինական կողմի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ առհասարակ բավականին մեծ է: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ճանաչելիությանն ուղղված մեր շարունակական աշխատանքը տալիս է իր տեսանելի արդյունքները: Մենք ակտիվ աշխատում ենք Չինաստանի տարբեր խոշոր նահանգների և քաղաքների հետ, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել մեզ հետ: Օրինակ՝ վերջերս ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև, որը նախատեսում է ակտիվ փոխգործակցություն Ծիանգսու նահանգի և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորտում: ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ գործնական այց կատարեցինք Չինաստանի խոշորագույն՝ Չոնգցինգ քաղաք, որն արդյունաբերական և առևտրային կենտրոն է: Այստեղ մենք հանդիպեցինք քաղաքի պետական մարմինների և տարբեր ոլորտների մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ զբոսաշրջությունից մինչև մեքենաշինություն: Առաջիկայում նախատեսվում են այդ կազմակերպությունների ճանաչողական այցելություններ Հայաստան՝ տեղում տնտեսական և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]