Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը. պաշտպան


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ ձևավորված հասարակաքաղաքական մթնոլորտը չի կարող բարենպաստ անդրադառնալ օբյեկտիվ քննության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցվում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, նշեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելն արդարադատություն  չէ, ինքնադատաստան է:

«Այս քրեական գործի շրջանակում պետք է ուղղակի բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի ու մերձավորների նկատմամբ: Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը , նա պետք է կրի իր արժանի պատիժը, սակայն մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն, որովհետև նման պայմաններում ուղղակի խոսք չի կարող գնալ արդարադատության մասին, այլ կարող է խոսք գնալ ձևական արդարադատության և ինքնադատաստանի մասին»,- ասաց Բաղդասարյանը:

Պաշտպանը Մանվել Գրիգորյանի հիվանդությունները հաշվի չառնելով նրանց արգելանքի տակ վերցնելը խոշտանգում է համարում:

«Պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում: Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանը ինքն է շահագրգռված, որպեսզի քննությունը գնա, որի արդյունքում բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ 7 միլիոն դրամի յուրացման փաստով»,- նշեց Բաղդասարյանը:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նրան արդեն զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ