Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ 
հիմնարար սկզբունքներին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողություն, որտեղ ելույթով համդես է եկել Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.

«Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման կարեւորագույն գործոններից մեկը: Կարեւոր է, որ վեհաժողովի գործողութունները, ինչպես եւ նախորդ տարիներին, կրեն գործնական բնույթ:

ՍԾՏՀ ԽՎ ստեղծման հիմնական գաղափարը եւ դրա գլխավոր առաջնահերթությունն է ամրապնդել տնտեսական համագործակցությունը ՍԾՏՀ-ի անդամ պետությունների միջեւ: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այդ գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ ԽՎ նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը, խուսափելով անհարկի քաղաքականացումից:

Միջխորհրդարանական դիվանագիտությունը եւ տնտեսական զարգացումը համագործակցության եւ ինտեգրման գործիքներ են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն քաղաքական շանտաժի եւ ճնշման միջոց:

Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը՝ որպես նախնական պայման տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում:

Մենք դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին:

Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պետք է մնա բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՍԾՏՀ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է մեր հարեւանների կողմից միջազգային կոնվենցիաների սկզբունքների խախտման փաստը: Շրջափակումը խոչընդոտում է Հայաստանին ապահովել իր հնարավորությունների բոլոր մրցակցային առավելությունները՝ հավասար պայմաններում:

Ինչպես ձեզ հայտնի է, ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջադրեց չարդարացված նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն եւ տառին:

Հրաժարումը տնտեսական համագործակցությունից չի կարող ծառայել որպես գործիք քաղաքական խնդիրների լուծման հարցում, ընդհակառակը, դա կարող է հետաձգել առկա խնդիրների քաղաքական լուծումը: Քաղաքական հարցերի լուծումը հաճախ գտնվում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ապահովմամբ՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության բարենպաստ պայմաններ ստեղծող գործիք:

Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացի կարելի է հասնել որոշումների կայացման՝ ի շահ բոլոր կողմերի, փոխադարձ շահի եւ հավասարության սկզբունքների պահպանմամբ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]