Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկ Եգիբյանն իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ

Նիկ Եգիբյանն իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայալեզու և անգլալեզու հեղինակային ստեղծագործություններով երաժշտասերների սրտերը գրաված երգիչ, երգահան Նիկ Եգիբյանն իր արվեստը գնահատողներին կուրախացնի նոր գործով: Նա պատրաստվում է հանրության դատին հանձնել «Հոգուս արև» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եգիբյանը շեշտեց, որ երգի և՛ երաժշտության, և՛ գործիքավորման, և՛ խոսքի հեղինակն ինքն է:

«Հոլովակի գաղափարը նույնպես ինձ է պատկանում: Այն նկարահանելիս համագործակցել եմ օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Տեսահոլովակում բաց տեսարաններ կան, իսկ գլխավոր հերոսուհին օտարազգի է»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր ստեղծագործության երաժշտական ձևավորմանը` Եգիբյանը փաստեց, որ համադրել է երաժշտական մի քանի ճյուղեր` ռեփ, R&B` երգին հայկական մասսայական երաժշտությանը հատուկ երանգ հաղորդելով:

Երգիչը խոստովանեց, որ հատուկ է այդպես արել, քանի որ ունի և՛ հայերեն, և՛ անգլերեն երգեր, որոնք, ըստ իրեն, բարձրորակ են, սակայն շատ քիչ դիտումներ ունեն համացանցում: «Հաշվի առնելով այդ հանգամանքը` եկա այն եզրակացության, որ, որոշ ոճեր միախառնելով, հնարավոր է ավելի  հետաքրքիր գործ ստանալ, որը,  հավանաբար, դուր կգա երաժշտասերների մեծամասնությանը: Այս երգով ասես փորձարկում եմ իրականացնում: Ցանկանում եմ տեսնել, եթե հանրության լայն շրջանակին սիրելի երաժշտական երանգներով ստեղծագործություն ներկայացնեմ, իմ հոլովակների դիտումները կավելանա՞ն, թե, այնուամենայնիվ, խնդիրն իմ մեջ է»,-անկեղծացավ Եգիբյանը:

«Իմ փոխարեն», «Beautiful ending», «Thank you» և այլ երգերով հայտնի հեղինակ- կատարողը նաև յուրահատուկ մեկնաբանությամբ մատուցում է համաշխարհային երգարվեստում հիթ դարձած ստեղծագործությունների քավր տարբերակները: Երաժշտի խոսքով` դրանք համացանցում ավելի շատ դիտումներ են հավաքում, քան իր սեփական երգերը: Նրա կատարած քավրներից են «Shape of you», «Chandelier», հայկական «Բախչի ծաղիկ», «Երևանի սիրուն աղջիկ» և այլ գործերը:

Երգիչն ընդգծեց` որոշել է հայկական մեղեդիներով հարուստ երաժշտությամբ և արտասահմանյան միտումներին համապատասխան գործիքավորմամբ իր հնարավորությունների սահմանում մեր երգարվեստը զերծ պահել անճաշակ երաժշտական մելիզմներից: «Եթե ստացվի, կլինեն ձայնասկավառակներ,  տեսահոլովակներ, համերգային ծրագրեր»,-եզրափակեց Նիկ Եգիբյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]