Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ

Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են 
Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղահանվածների ինտեգրման նպատակով Փախստականների միջազգային օրն ապրիլյան պատերազմից հետո Թալիշից և Մատաղիսից տեղահանվածներն անցկացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելություններով: Այցի ընթացքում տեղահանված ընտանիքների երեխաները տեղացի երեխաների հետ նաև միջոցառում կազմակերպեցին՝ փախստականների խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցը կազմակերպել էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն ՝Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի  աջակցությամբ:

«Այս տարի Փախստականների միջազգային օրը խորհրդանշական է: ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իրականացնում է ակցիա, որով ուզում է գրավել ավելի շատ դոնորների նրանց աջակցելու համար: Գրասենյակն իր աշխատանքը նվիրում է փախստականներին՝սկսած հրատապ օգնությունից մինչ նմանատիպ մշակութային այցեր»,-ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Հրատապ օգնության ծրագրերով ուշադրությունն առավել շատ սևեռում են նոր փախստականների վրա, ովքեր բնակարանային և առողջապահական խնդիրներ ունեն: Փախստականների մեծ հոսք է եղել Ադրբեջանից, ներկայում Իրաքից, Սիրիայից: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Թալիշ և Մատաղիս գյուղերից եկել են 2000-2500 տեղահանված մարդիկ, թեև նրանցից ոմանք հետ են վերադարձել: Գրասենյակը տեղահանված անձանց տրամադրում է ինչպես բնակարանային վարձի փոխհատուցում, այնպես էլ հոգեբանական, սոցիալական աջակցություն: Բացի այդ տարբեր ծրագրերի շրջանակում օգնում են ձեռք բերել որոշակի հմտություններ՝ վարսահարդարի, դիմահարդարի և այլն, և գումար վաստակել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելության էին եկել հիմնականում տեղահանված թալիշցիներ, ովքեր մեծ մասամբ բնակություն են հաստատել Չարենցավանում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում: Նրանք այցելեցին Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ: Շրջայց եղավ նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպություն, որտեղ տեղահանված երեխաներն իրենց ձեռքով գաթա թխեցին: Երեխաներն այնտեղ հանդես եկան նաև երաժշտական համարով, որը պատրաստել էին «Փախստականների  ինտեգրում կրթության միջոցով» համայնքների մոբիլիզացիայի ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ն այդ ծրագրի իրականացման համար Չարենցավանում վերանորոգվել  և կահավորվել է  տեղի դպրոցի կողմից հատկացված դասասենյակ, տրամարդել է համակարգիչներ և այլ սարքավորումներ: Իսկ երեխաների, նաև մեծահասակների հետ կամավորությամբ և մեծ սիրով աշխատում է Անահիտ Միրզոյանը:

Ապրիլյան քառօրյայի օրերին Թալիշից տեղահանված ու Արարատ քաղաքում հաստատված Գոհար Ղալափյանը ճանաչողական այցին եկել էր երեք որդիների հետ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և«Առաքելություն Հայաստան»-ի հետ նման էքսկուսիայի մասնակցում են արդեն երկրորդ անգամ: «Այսպիսի միջոցառումներ են կազմակերպում մեզ համար: Երբ իմացա, խնդրեցի, որ մեզ էլ ընդգրկեն: Մեծ սիրով ընդգրկեցին: Նախորդ տարի աշնանը գնացել էինք Դիլիջան: Շատ հետաքրքիր էր: Նման այցերի շնորհիվ երեխաները շփվում են մյուսների հետ, ինտեգրվում»,-ասաց Գոհարը:

Իզաբելլան, ով կյանքի բերումով արդեն երկրորդ անգամ է փախստական դարձել, նշեց՝ այցի ընթացքում ոտք դրած ամեն եկեղեցում խնդրել է, որ այլևս փախստականներ չլինեն:

Տեղահանվածներին աջակցելու հարցում ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն, իսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն ապահովում է ծրագրերի իրականացումը: Կազմակերպությունը տրամադրում է նաև տեղահանված ընտանիքների տան վարձերը: Կազմակերպության սոցիալական աշխատողները և հոգեբանները ևս մեծ աշխատանք են կատարում ինչպես Չարենցավանում, այնպես էլ Հրազդանում, Գեղարքունիքի մարզում:  «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական աշխատող Մագդա Խչոյանն առանձնացրեց փախստականների և տեղահանվածների աշխատատեղի խնդիրը: «Չարենցավանում են շատերն ապրում, իսկ այնտեղ աշխատատեղեր շատ չկան: Ստիպված գալիս են Երևան: Երբեմն նաև փաստաթղթային խնդիրներ են լինում: Գնահատում ենք կարիքն ու աշխատում ենք մեղմել բոլոր խնդիրները»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]