Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը կաջակցի ՀՀ միգրացիոն ծառայությանը ոլորտի առաջնահերթությունները սահմանելու հարցում

ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը կաջակցի ՀՀ միգրացիոն ծառայությանը ոլորտի առաջնահերթությունները սահմանելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը, որը ոլորտի առաջատար կազմակերպությունն է, կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությանը, ինչպես միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման ուղղությամբ, այնպես էլ տեխնիկական համագործակցության ձևաչափով միգրացիայի և կարողությունների հզորացման բնագավառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միգրացիոն ծառայությունից, այս մասին այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը՝ իր գոհունակությունը հայտնելով Միգրացիոն ծառայության նորանշանակ պետ Արմեն Ղազարյանի հետ համագործակցություն սկսելու առիթով։

«Շատ կարևոր է համատեղ ուժերով սահմանել Հայաստանի միգրացիոն ոլորտի առաջնահերթությունները և փորձել հասնել դրանց արդյունավետ իրականացմանը»,- նշեց Իլոնա Տեր-Մինասյանը։

Ի պատասխան նրա դիտարկման՝ Արմեն Ղազարյանը հավելեց,- «Միգրացիոն ծառայությունը բարձր է գնահատում ՄՄԿ շարունակական ընդգրկվածությունն ու օժանդակությունը Հայաստանի միգրացիոն ոլորտում և պատրաստակամ է առավել խորացնել համագործակցությունը»։

Երկու կառույցների ուշադրության կենտրոնում է լինելու «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացումը։ Մասնավորապես՝ աշխատանքներ են տարվելու  «Միգրացիա և զարգացում» միգրացիոն քաղաքականության նոր ուղղության, ինչպես նաև մարդկանց տեղաշարժերի և վերադարձի խնդիրների առնչությամբ:

Արմեն Ղազարյանը հատուկ ընդգծեց, որ շարունակելու են նախաձեռնությունները, որ մեկնարկել են ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՄՄԿ Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Վիեննայի տարածաշրջանային գրասենյակի միջև:

Ստեղծվելով 1951 թվականին՝ ՄՄԿ-ը համարվում է միգրացիայի ոլորտի առաջատար միջկառավարական կազմակերպությունը: Աշխարհով մեկ ծավալած իր կեսդարյա գործունեության արդյունքում կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 11 միլիոն միգրանտներին: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ՄՄԿ-ին 1993 թվականից և նույն թվականին ՄՄԿ-ն հիմնադրել է իր գրասենյակը Երևանում: Այն կազմված է հետևյալ ստորաբաժանումներից` Ծրագրերի մշակման և իրականացման բաժին, վարչա-ֆինանսական և վերաբնակեցումների բաժին: 2016թ-ի սեպտեմբերի 19-ին ՄՄԿ միացավ Միավորված ազգերի կազմակերպության համակարգին, առաջին անգամ ՄԱԿ-ին պաշտոնապես շնորհելով միգրացիոն հարցերով զբաղվելու հստակ մանդատ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]