Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

«Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի փաթեթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս նախագծի հետ կապված՝ «Ծառուկյան» խմբակցությունն ուներ որոշ մտահոգություններ, սակայն քննարկումների արդյունքում մտահոգությունները հանված են, փոխզիջումը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու»,- ասաց պատգամավորը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել, որ բարեգործական ծրագրի որակավորման իրավասու մարմինը կսահմանի կառավարությունը, որը կորոշի, թե պետական կառավարման որ մարմինն է լինելու լիազոր: Օրենքով նաև առաջարկվում է, որ գործող օրենքով առկա բարեգործական ծրագրերի որակավորման հանձնաժողովը շարունակի գործել, սակայն արդեն այն խորհրդակցական բնույթի գործառույթներ կունենա, իսկ հանձնաժողովի խորհրդակցական բնույթի եզրակացության հիման վրա իրավասու մարմինը կկայացնի իր որոշումը: Բարեգործները կամ բարեգործություն իրականացնող կազմակերպությունները որակավորման հանձնաժողովին դիմում են երեք հիմնական նպատակով. ցանկանում են բարեգործության դիմաց նախագահից համապատասխան կոչումներ ստանալ կամ օգտվել երկու տեսակի աջակցությունից՝ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով արտոնություններ ստանալ, կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ նյութատեխնիկական կամ դրամական աջակցություն ստանալ: Եթե նրանք չեն ցանկանում այս արտոնություններից օգտվել, ապա հանձնաժողովը նրանց ծրագրերը բարեգործական ճանաչելու որևէ անհրաժեշտություն չունի, իսկ բարերարներն ու կազմակերպությունները կարող են շարունակել իրենց ծրագրերը, որևէ սահմանափակում չի լինելու: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հիմնական մտահոգությունը վերաբերում էր նրան, որ օրենքը կարող է խոչընդոտել բարեգործական ծրագրերի իրականացմանը, սահմանափակել բարեգործությունը: Սակայն հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը թե Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, թե լիագումար նիստի ընթացքում կայացած քննարկումների ժամանակ վստահեցրեց, որ օրենքի նախագծի ընդունումը բարեգործությունը սահմանափակելու, բարեգործական ծրագրերին խոչընդոտելու նպատակ չի հետապնդում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ