Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Երազում եմ Լիր արքա մարմնավորել. դերասան Արմեն Սանթրոսյանը նշում է հոբելյանը


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արմեն Սանթրոսյանն արդեն կես դար բեմում է: ՀՀ ժողովրդական արտիստը խաղացել է բազում դերեր, կերտել հետաքրքիր ու մեկը մյուսին չնմանվող կերպարներ։

Դերասանն այս տարի նշում է իր հոբելյանը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՀԹ մամուլի ծառայությունից, ՀՀ ժողովրդական արտիստի ծննդյան 70 և ստեղծագործական կյանքի 50-ամյակներին նվիրված երեկոն տեղի կունենա հունիսի 20-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Սանթրոսյանն ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում կարևոր դեր է խաղացել հայրը՝ սիրված դերասան Պարույր Սանթրոսյանը։ Ազգանունն ինքնին պարտավորեցնող էր, նշաձողը միշտ պիտի բարձր լիներ։
«Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ կամ իրավաբան: Հայրս պնդում էր, որ Սանթրոսյան ազգանունը բեմից չպետք է իջնի: Նա եղավ իմ առաջին ուսուցիչը, քննադատը, ոգեշնչողը: Նրանից շատ շնորհակալ եմ, որ արգելք չեղավ ու երբևէ որևէ ակնարկ չարեց, թե ինչու ընտրեցի այս մասնագիտությունը: Անշուշտ, շատ դժվարությունների էի հանդիպում, և երբ նա տեսնում էր, որ թևաթափ եմ լինում, անմիջապես ոգեշնչում էր։ «Բեմում լինում են և´ անկումներ, և´ վերելքներ, հաջողություններ ու անհաջողություններ։ Արվեստագետը պետք է հաղթահարի այդ ամենը»,- ասում էր հայրս: Ես միշտ մտածել եմ, որ հայրս բավական բան է արել մեր թատրոնի համար: Եվ  իմ առջև խնդիր դրեցի, որ ամեն դեպքում նշաձողը չիջեցնեմ», - պատմել է Ա. Սանթրոսյանը:

Խոսելով մասնագիտության մասին՝ Ա. Սանթրոսյանն ընդգծել է. «Անկեղծ ասած, իմ կյանքն առաջին հերթին թատրոնն է, հետո նոր՝ մնացածը։ Հանուն թատրոնի ես պատրաստ եմ զոհաբերությունների գնալ ու գնացել եմ... Ինձ համար թատրոնն այն հեքիաթային աշխարհն է, որտեղ չես դադարում զարմանալ, չես կարող ձանձրանալ, եթե իսկապես նվիրված ես բեմին, սիրում ես գործդ: Իսկ ես սիրում եմ իմ մասնագիտությունը, նաև շարունակում եմ հորս արած աշխատանքը, որը, ցավոք, կիսատ մնաց. նա շուտ հեռացավ կյանքից»,- նշել է դերասանը:
Ըստ Ա. Սանթրոսյանի` բեմը կարող է ապտակել. «Եթե տարիների ընթացքում բեմ մտնելը դառնա սովորական մի բան, ավելի լավ կլինի թողնել թատրոնը: Անկեղծորեն եմ ասում։ Մենք հիմնականում խաղում ենք երեխաների համար, և ամեն անգամ խաչակնքում եմ բեմ մտնելուց առաջ, որովհետև դերասանն իրավունք չունի հուսախաբ անել հանդիսատեսին։ Եթե դու բեմին մոտեցար իմիջիայլոց, բեմը թղթի նման կճմրթի ու կշպրտի քեզ։ Երիտասարդներին միշտ խորհուրդ եմ տալիս. «Բեմում կիսատ-պռատ բան մի արեք: Ձեր ամբողջ էներգիայով պետք է բարձրանաք բեմ ու այդպես էլ դուրս գաք»:
Հարցին, թե երազած դերեր ունի՞, Ա. Սանթրոսյանի պատասխանը հետևյալն է եղել. «Ես երկու դերի մասին եմ երազել: Մեկը մեր թատրոնում բեմադրել հնարավոր չէր՝ Շեքսպիրի «Ռիչարդ երրորդը»։ Դա մեր թատրոնի պրոֆիլը չէ, հիմա էլ երազում եմ խաղալ Լիր արքա: Մոնոներկայացում խաղացել եմ, բաց եթե ամբողջությամբ բեմադրվե՜ր... Դա եմ երազում։ Յուրաքանչյուր դեր ստանձնելիս աշխատում եմ իմ հնարավորության սահմանում հետաքրքիր կերպար դարձնել»,-եզրափակել է Արմեն Սանթրոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ