Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԴիջիԹեք բիզնես ֆորումում կներկայացվեն լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներին հունիսի 29-30-ը կհամախմբի ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Արդեն 11-րդ անգամ անցկացվող ամենամյա այս համաժողովի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Բիզնես ֆորումը տեղի է ունենում ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության այլ ոլորտներում: Այդ նպատակով կազմակերպվում են գործարար ներկայացումներ, թեմատիկ կլոր սեղաններ, որտեղ ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչները ցուցադրում են այն լուծումները, որոնք կարող են կիրառվել տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից և բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը:

Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով զբաղվող «ARLOOPA» ընկերությունը ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում ծանոթացնելու է նորագույն լուծումների հետ, որոնք կարող են կիրառվել զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում: «ARLOOPA» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանի փոխանցմամբ, ցուցադրվելիք նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն կտան փոխելու նշված ոլորտները։ Մասնավորապես, ընկերության կողմից տուրիզմի բնագավառում առաջարկվում է վիրտուալ զբոսավարի գաղափարը: Զբոսաշրջիկը, պատմամշակութային վայրում հանդիպելով վիրտուալ գիդին, վերջինիս միջոցով կարող է տարբեր լեզուներով ծանոթանալ տվյալ վայրի մասին:  UNDP-ի հետ համատեղ իրականացված ծրագրի միջոցով ստեղծվել է Սայաթ-Նովայի 3D անիմացիոն կերպարը։ Համակարգը տեղադրված է լինելու Հաղպատում, և Հաղպատ այցելող զբոսաշրջիկները կարող են տեսնել Սայաթ-Նովայի 3D անիմացիան, որը նվագելու և երգելու է։ Այս պրոյեկտը շուտով հասանելի կլինի:

Արման Աթոյանը նշել է, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումը լավ հարթակ է բիզնեսի և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների շփման համար, սակայն տարբեր ոլորտներում պետք է ավելի շատ հետաքրքրված լինեն ՏՀՏ գործիքների ներդրմամբ, ՏՀՏ կազմակերպություններն էլ իրենց հերթին պետք է ավելի շատ լոբբինգ անեն, որպեսզի համագործակցությունն է՛լ ավելի սերտ լինի: Բոլոր կողմերը պետք է ակտիվորեն աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի հետաքրքրված մարդիկ, ընկերություններ այցելեն բիզնես ֆորումին, և գործակցությունը կայանա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ