Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապույտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարություն ունեցած մեծանուն գրող Եղիշե Չարենցին երախտագիտություն հայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ գրողի մեծարման երեկո անցկացվեց: Միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կապույտ մզկիթի բակում:

«Իմանալով, որ Եղիշե Չարենցը մեծ ծառայություն է մատուցել Կապույտ մզկիթի պահպանության հարցում, մտածեցի, որ անպայման անհրաժեշտ է նրան նվիրված երեկո կազմակերպել՝ համագործակցելով Հայաստանի տարբեր մշակութային և գիտական կենտրոնների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի հարցերով  խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Նա ընդգծեց, որ Իրանում հրատարակվել է հայ բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանված ընտրանի, որում ներառված են նաև Չարենցի գործերը: «Չարենցին սիրում և հարգում են մեր երկրում՝ չմոռանալով, որ նա արել է հնարավորը  Հայաստանում մզկիթը պահպանելու համար»,-ասաց Հեյդարին:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ և՛ գրագետ, և՛ կիսագրագետ, և՛ անգամ անգրագետ մարդիկ Հայաստանում գիտեն Եղիշե Չարենցի անունը: «Միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը բավարար էր, որ Չարենցը լիներ ժողովրդի երգիչ: Նա հայ դեկադանսի շրջանի մեծագույն դեմքերից դարձավ: Չարենցի նույնիսկ այն բանաստեղծությունները, որոնք այսօր կարող ենք համարել կոմունիստական շրջանին տուրք տրված, միևնույն է հանճարեղ են»,-շեշտեց նա:

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան մի շարք հյուրեր, իրականացվեցին չարենցյան ընթերցումներ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ գորգի նվիրման արարողություն: Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը ի հիշատակ Չարենցի և այն հայ մտավորականների, ովքեր նպաստել են մզկիթի պահպանմանը, նվիրեց մի գորգ, որը Թաթարստանում նրա եղբորն էր նվիրել արդարադատության նախարարը. դրա վրա պատկերված է այդ երկրի մզկիթներից մեկը:

Գրեթե 300 տարի առաջ Հուսեյն Ալի Խանի պատվերով կառուցված 7000 քմ ընդհանուր մակերեսով Երևանի Կապույտ մզկիթը Խորհրդային միության տարիներին ոչնչացման եզրին է եղել, սակայն մի շարք հայ մտավորականներ, որոնց թվում էր նաև Եղիշե Չարենցը, դեմ  դուրս եկան այդ մտադրությանը և արեցին ամեն հնարավորը մզկիթը պահպանելու համար: Դա նրանց հաջողվեց:

Միջոցառումն իրականացրեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ գրողների միության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ