Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մի խումբ նկարիչներ պահանջում են Կարեն Աղամյանի հրաժարականը. միության նախագահը հակադարձում է նրանց

Մի խումբ նկարիչներ պահանջում են Կարեն Աղամյանի հրաժարականը. միության 
նախագահը հակադարձում է նրանց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի նկարիչների միության մի խումբ անդամներ պահանջում են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը` նշելով, որ միությանը փոփոխություն և կառավարման նոր որակ է անհրաժեշտ: Երիտասարդ նկարիչները նաև ընդգծում են, որ Աղամյանը, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն է ներկայացնում այդ հարցի շուրջ:

Միության նախագահի և նրա հրաժարականը պահանջող նկարիչների հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Նկարիչների միությունում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Համաձայն նկարիչների միության կանոնադրության, որը հասարակական կազմակերպություն է համարվում և ղեկավարվում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով, նկարիչների միության նախագահ ընտրվում է չորս տարին մեկ անգամ: Վերջին ընտրությունները անցկացվել են 2013 թվականին, իսկ 2017-ին` ոչ, ուստի, այդ ժամանակից սկսած,  միության նախագահը իրավասու չէ լինել այդ պաշտոնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց միության անդամ, քանդակագործ Վահան Գալստյանը:

Նրա խոսքով` նկարիչների միության նախագահը պարտավոր է բարձրագույն մարմնին, որը համագումարն է, ներկայացնել ֆինանսական և գույքային հաշվետվություն ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ. դա նույնպես չի արվել:

Քանդակագործը շեշտեց, որ 2015 թվականից  ի վեր միության անդամ է և նման համագումարի կամ հաշվետվության ականատես չի եղել:

Ի պատասխան դրա` Կարեն Աղամյանն ասաց, որ հաշվետվություններն ըստ կանոնադրության լինում են համագումարի ժամանակ: Վերջին համագումարին եղել է, ֆինանսական և’ գործունեության հաշվետվություն կլինի նաև հաջորդ համագումարին:

«Արդեն չորրորդ անգամ եմ ընտրվում, և ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ եմ ստանում: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն ինձ ձայն է տվել: Ինձ հարցրեցին, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել: Այն պետք է լինի 2018 թվականին: Ես կամ վարչությունը իրավասու չենք որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իմ ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:  Այսօրվա կանոնադրությունը, որով մենք աշխատում ենք, ասում է, որ հինգ տարին մեկ համագումար պետք է լինի»,-ընդգծեց Աղամյանը:

Լրագրողի այն փաստարկին, որ Հայաստանի նկարիչների միության հասարակական կազմակերպության 2015 թվականի կանոնադրության մեջ   գրված է, որ կազմակերպության նախագահն ընտրվում է համագումարի կողմից չորս տարի ժամանակով Աղամյանը պատասխանեց, որ իր ձեռքում 2018 թվականի կանոնադրությունների մասին նոր թուղթ կա,  որում գրված է, որ համագումարը պետք է լինի հինգ տարին մեկ անգամ:

Աղամյանի ձեռքի տակ եղած կանոնադրությունը նայելուց հետո բողոքող նկարիչներն ասացին, որ այնտեղ նշված է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով կազմակերպությունները պետք է ղեկավարվեն իրենց կանոնադրությամբ, բայց  այն պետք է չհակասի օրենքին: 

«Այդ օրենքը, որ ընդունվել է 2017 թվականին, փաստում է, որ մինչև հինգ տարին ժամկետում պետք է անցկացվի համագումար: Չափը պետք է որոշեն կազմակերպությունները: Կանոնադրության համաձայն` նկարիչների միությունը որոշել է չորս տարին մեկ անցկացնել համագումար»,-ընդգծեց Վահան Գալստյանը: 

Աղամյանը պնդեց, որ Հայաստանի Հասարակական կազմակերպությունների մասին օրենքով մինչև հինգ տարի ժամկետում սահմանված են միության նախագահի լիազորությունները: «Դուք տեսաք 2018 թվականի այն կանոնադրությունը, որը դեռ վարչությունը չի հաստատել, սա էսքիզ է, պետք է քննարկվի, այնուհետև ուղարկվի հաստատման»,-ասաց Աղամյանը:

Հանդիպման ավարտին Աղամյանի հրաժարականը պահանջող նկարիչներն ասացին, որ ցանկալի է` միության նախագահը իր հրաժարականը ստորագրի մինչև սույն թվականի հունիսի 25-ը, հակառակ դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն: Իսկ մինչ այդ ոչ մի ակցիա չեն իրականացնի և չեն խոչընդոտի Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսի իրականացմանը, որը կբացվի հունիսի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]