Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վիգեն Քոչարյանը Ստրասբուրգում ներկայացրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում տիրող իրավիճակը

Վիգեն Քոչարյանը Ստրասբուրգում ներկայացրել է ազգային փոքրամասնությունների 
իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հրավերով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում մասնակցել է «Փոքրամասնությունները և փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» խորագրով բարձրաստիճան համաժողովին: Այն կազմակերպվել էր Ազգային փոքրամասնությունների ԵԽ շրջանակային կոնվենցիայի և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովի ընթացքում քննարկվել են փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացմանը և այդ իրավունքների միջազգային պաշտպանության ապահովման հարցում ԵԽ չափորոշիչների կարևորությանը, փոքրամասնությունների իրավունքների ապահովման տեսանկյունից տեխնոլոգիական նորարարության կիրառմանն ու քաղաքացիական հասարակության դերին առնչվող հիմնահարցեր:

Հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը բարձր գնահատել ԵԽ շրջանակային կոնվենցիայի և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կարևորությունը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:

Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Կոնվենցիայով սահմանված հիմնական սկզբունքների ապահովման ու գործնական կիրառման ոլորտում գրանցված ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ներկայացրել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների ազդեցության բացասական և դրական կողմերը: 

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում տիրող իրավիճակը, նշելով, որ մշակվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում իրենց արտացոլումն են գտել Եվրոպայի խորհրդի փորձագիտական եզրակացությամբ ներկայացված առաջարկությունները:

Վիգեն Քոչարյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք ապահովման և իրացման գործում` հիմնված մարդկային արժանապատվության, օրենքի գերակայության, հավասարության պահպանման և խտրականության բացառման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]