Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է «Շաուլա Ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց «Շաուլա Ինթերնեյշնլ» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Ֆաբիո Լենցիին և նույն ընկերության համահիմնադիր, Իտալիայում «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչ Ալբերտո Կալիոստրոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը նշեց, որ նախկինում ձեռքբերված երկուստեք պայմանավորվածությունները շարունակական են լինելու, և պատրաստակամություն հայտնեց խթանել առկա ծրագրերի իրականացումը:

«Շաուլա Ինթերնեյշնլ» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Ֆաբիո Լենցին, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը լավ հնարավորություն է երկու երկրների միջև բարեկամական կապի ամրապնդման, ինչպես նաև նախարարության կարողությունների զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ կարողությունների զարգացման նպատակով իտալական IDS (Ingegneria Dei Sistemi) ընկերությունից ձեռք բերված անօդաչու թռչող սարքի հետ կապված հարցերը: Սարքը ձեռք է բերվել որոնողափրկարարական, ռիսկերի և վտանգների քարտեզագրման աշխատանքների համար. այն կարող է իրականացնել քարտեզագրում, զգայուն սարքերի միջոցով տարածքի մոնիթորինգ և այլն:

Կողմերը քննարկեցին նաև սարքի կիրառման վերաբերյալ անձնակազմի հետ տարվող վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները՝ ուսումնասիրելով անօդաչու թռչող սարքեր կիրառելու, վտանգավոր տարածքների նկարահանումներ, ռիսկերի մոդելավորում իրականացնելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Էլիտալիանա» իտալական ընկերությունից ուղղաթիռներ ձեռք բերելու հետ կապված հարցերը: ԱԻ նախարարը նշեց, որ ուղղաթիռների ձեռքբերումը անհրաժեշտություն է Արտակարգ իրավիճակների նախարարության համար, և հավելեց, որ համապատասխան ֆինանսավորման մեխանիզմը որոշելու նպատակով լրացուցիչ քննարկման կարիք կա:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ապահովել համատեղ ծրագրերի իրականացման գործնական ընթացքը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ