Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից 
զրկելու միջնորդություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությանը կողմ կքվեարկի նույն խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք հայտարարում ենք, որ,  հարգելով անմեղության կանխավարկածը, չենք խոչընդոտելու քննությանը, կողմ ենք քվեարկելու երկու միջնորդություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ պետք է հետևողական լինեն նախաքննության և դատավարության ողջ ընթացքին: «Դատախազի ներկայացրած մեղադրանքները, եթե կհաստատվեն, օրենքի ամբողջ խստությամբ հանցագործություն կատարողները պետք է պատժվեն: Դա անբեկանելի է: Պետք է նշեմ, որ հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից, անկախ իրենց ձեռքբերումներից, անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Մեր դիրքորոշում սա է, և մենք հետևողական ենք լինելու»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:

Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]