Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական  շրջանակը պարզելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Հ. Գալստյանը,  աշխատելով «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես  կենտրոնական պահեստի պահեստապետ, հանդիսացել է նյութական պատասխանատու անձ։ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը Հ.Գալստյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստ ստացված և համալսարանի՝ իրեն հանձնված գույքային ընդհանուր ֆոնդից առանց համապատասխան ձևակերպման, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 12  միլիոն 950 հազար 105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ:

Պարզվել է նաև, որ կենտրոնական պահեստում գոյացած ապրանքանյութական արժեքների պակասորդը թաքցնելու նպատակով, ըստ քննության տվյալների, Հ.Գալստյանը 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում կենտրոնական պահեստից ապրանքանյութական արժեքների ստացման պահանջագրերում բաց թողնվող ապրանքների սյունակներում ձեռագիր եղանակով փոփոխել է ելքագրված գրենական և տնտեսական ապրանքների քանակը և տեսակը, որից հետո կեղծված պահանջագրերը ներկայացրել հաշվապահություն: Ձեռագիր ուղղումների արդյունքում արտացոլված կեղծ տեղեկությունները մուտքագրվել են «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագիր, ինչի արդյունքում հափշտակված 12 միլիոն 950 հազար 105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքների մի մասի պակասորդը՝  5 միլիոն 114 հազար 433 դրամ գումարի չափով, քողարկվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի «Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի պահեստի պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակություններին այլ անձանց հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել նաև ՊՈԱԿ-ի տպարանում և ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանը:

Հ. Գալստյանի մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործն ուղարկվել դատարան։ Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ