Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան

«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել 
են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքները «Երկրապահ» կամավորականների միությանը փոխանցվել են օրինական ճանապարհով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով օրինական փոխանցման ճանապարհները: 
«Երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանն ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ, երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Թե կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սնունդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին` արդյոք ՊՆ-ն չուներ հատկացումներ անելուց հետո վերահսկողական մեխանիզմներ, մամուլի քարտուղարն արձագանքեց` չուներ. տրվում էին հաշվետվություններ, որոնք ևս կուսումնասիրվեն: «Մեզ արդեն դիմել են համապատասխան մարմինները», - ասաց Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենք զինամթերքին` ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ դրանք չեն հատկացվել ՊՆ կողմից:
«Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել, օրինակ` նռնականետեր եմ նկատել տեսանյութում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին արտերկրից ուղարկված օգնության, դպրոցականների ուղարկած ծանրոցների յուրացումներին, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց` Պաշտպանության նախարարությունը սրա հետ որևէ առնչություն չունի:

Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:

Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]